Կարելի է Շեքսպիրի հետ անել այն, ինչ ուզում ես եւ ինչպես ուզում ես. Սվետլանա Լավրեցովա
ՄշակութայինՕդում կախված համաշխարհային պատերազմի վտանգի այս օրերին թերեւս մշակույթը մնացել է միակ հարթակը, որտեղ ԵՄ երկրներն ու Ռուսաստանը կարող են հայտնվել մեկտեղ: Հայաստանում հյուրընկալվել են 10 երկրից ժամանած ավել քան 250 մասնակից եւ հյուրեր՝ օրերս մեկնարկած Շեքսպիրյան միջազգային թատերական 16-րդ փառատոնի շրջանակում: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից: Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ: Ի դեպ, փառատոնն այս տարի հստակ ասելիք ունի՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայից հետո՝ որոշել են հանդես գալ «դադարեցնել ագրեսիան, պահպանել մշակույթը» կոչերով եւ նաեւ այս հարթակն օգտագործել՝ աշխարհին լսելի դառնալու համար:
Ինչեւէ, քաղաքականությունը քաղաքականություն, պատերազմը՝ պատերազմ, բայց հանրությանը նաեւ հեքիաթ է պետք՝ երկրում ստեղծված մղձավանջից ինքնամաքրվելու համար, ինչը լրացնելու եկավ Սանկտ Պետերբուրգի Ա.Ա. Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի 100-ամյա թատրոնի «Ձմեռային հեքիաթը», որը Շեքսպիրյան փառատոնի գլխավոր ներկայացումներից մեկն էր:
«Մենք այն թատրոններից ենք, որը շրջագայել է ամբողջ աշխարհում, սակայն չէր եղել Հայաստանում: Առաջին անգամ ենք հյուրընկալվում Երեւանում եւ ծանոթանում ենք բարի, պատրաստակամ, լավատես մարդկանց հետ: Այս մի քանի օրվա ընթացքում արդեն հասցրել ենք սիրել ձեր վարդագույն քաղաքը եւ փորձում ենք լինել ամենուր: Մեզ համար շատ կարեւոր է, որ դուք եւս ճանաչեք մեզ»,- նշեց սանկտպետերբուրգյան թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար ՍՎԵՏԼԱՆԱ ԼԱՎՐԵՑՈՎԱՆ:
Անդրադառնալով շեքսպիրյան «Ձմեռային հեքիաթին»՝ նա ասաց, որ որոշել են զերծ մնալ ողբերգություն եւ արյուն ներկայացնելու տեսարաններից ու հանդիսատեսին մատուցել գեղեցիկ հեքիաթ՝ այն համեմալով նաեւ նուրբ հումորով:
«Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթը» շատ քիչ են բեմադրում, բայց այնտեղ կարելի է տեսնել ե՛ւ Մակբեթին«, ե՛ւ «Լիր Արքային», ե՛ւ «Ռոմեո եւ Ջուլետին»: Շեքսպիրը շարունակում է մնալ ժամանակակից, եւ ամենակարեւորն այն է, որ հեղինակային իրավունքներ չունի եւ կարելի է նրա հետ անել այն, ինչպես ուզում ես եւ ինչ ուզում ես: Այս առումով Շեքսպիրը շատ փորձարկումների է ենթարկվել ու դեռ կենթարկվի», - ընդգծեց Լավրենցովան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ