«Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱ
Տեսանյութեր«Իրավունքը» հյուրընկալվել է Լոբնյայի «Տիկնիկները եւ մարդիկ» թատրոնում ու զրուցել թատրոնի գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱՅԻ հետ:
— Կներկայացնե՞ք ձեր թատրոնը հայ ընթերցողներին:
— Մեր թատրոնը գոյություն ունի 1999 թվականից: Աշխատում ենք տիկնիկները եւ մարդիկ ժանրում: Ռեպերտուարում կան դրամատիկական, տիկնիկային դրամատիկական եւ նույնիսկ լինում են օպերային ներկայացումներ: Այնպես որ, աշխատում ենք տարբեր ժանրերում:
— Ձեր թատրոնում հայ դերասաններ աշխատո՞ւմ են:
— Այո, մեզ մոտ աշխատում են երկու հայ հիանալի դերասաններ` Նիկոլայ Արությունովը եւ Գրիգորի Պարոնյանը: Գրիգորի Պարոնյանը հիանալի խաղացել է մեր թատրոնում «Փիրոսմանի, Փիրոսմանի…» ներկայացման մեջ, հանդես գալով գլխավոր` Նիկո Փիրոսմանի դերում, որը վրացի նկարիչ է: Նա նաեւ այդ դերի համար ստացել է մրցանակ: Նիկոլայ Արությունովը նույնպես խաղում է հիանալի: Արդեն չորս ներկայացման մեջ հանդես է գալիս գլխավոր դերերում: Ե՛վ Նիկոլայ Արությունովը, ե՛ւ Գրիգորի Պարոնյանը տաղանդավոր արտիստներ են:
— Իսկ Դուք եղե՞լ եք Հայաստանում:
— Ցավոք սրտի, դեռ չեմ եղել Հայաստանում: Ի դեպ, հարսս հայ է: Հարսիս տատիկն ապրում է Հայաստանում:
— Հայ-ռուսական մշակութային բարեկամության մասին ի՞նչ կասեք:
— Մենք հայկական հնագույն մշակույթը շատ ենք սիրում: Թեեւ մեր թատրոնի բեմն այնքան էլ մեծ չէ, բայց միշտ պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի տիկնիկային թատրոններին մեզ մոտ:
— Ձեր թատրոնում կայացավ «Հազար ու մի վերջին գիշերը 20 տարի անց» ներկայացման պրեմիերան, որը շատ հետաքրքիր էր եւ ինքնատիպ: Ինչպե՞ս ծնվեց այս բեմադրությունը:
— Ներկայացումը ծնվել է այս թատրոնում: Պիեսը գրել եմ 1999 թվականին: Կարծում եմ՝ արաբական հեքիաթների հետ ծանոթ են բոլորը, եւ շատերին ծանոթ կլինի Շահրեզադեի եւ նրա հավերժական ուղեկցի՝ Խալիֆի անունները: Եվ ահա վերցնելով արաբական հեքիաթները, դրա հետ մեկտեղ վերցնելով Վիլհելմ Հաուֆի ճանաչված «Արագիլ խալիֆ» հեքիաթը, որը նույնպես արաբական մոտիվներով է, միավորելով, ներկայացրինք այն հանդիսատեսին:
— Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դեռ շարունակվում է, եւ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարված: Ինչպե՞ս է այս ամենն անդրադարձել թատերարվեստի վրա:
— Պատերազմի ողբերգական հետեւանքների մասին ձեզ էլ է հայտնի, բայց միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն... Իսկ թատրոնը արվեստի տաճար է, որտեղ պետք է մարդկանց ոգեշնչել եւ տալ հույս ապագայի հանդեպ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Լոբնյա-Երեւան