Արցախի Հանրապետության քաղաքացիներից խարդախության տարբեր եղանակներով ավելի քան 31 միլիոն դրամ է հափշտակվել
Քրեական
Արցախի Հանրապետության տարածքում 2021-2022 թվականներին արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արարտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ:
Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել ԱՀ տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք:
«Ինչպես ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են:
Հետևաբար կրկին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից կապի տարբեր միջոցներով կամ սոցիալական ցանցերով առաջարկվող ծառայություններից, անվստահելի գործարքներից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ: