Մոնակոյում այս տարի առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը
ՄշակութայինԱյս տարի Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվեց Անկախության օրը:
«Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։
Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։
Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։ Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության, Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։ Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։
Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին, որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։
Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր, քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Լիանա Ալեքսանյանի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։
Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները ,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին։ Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն, որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը», - գրել է Փենեսյանը: