Ինչ աշխատանքներ են իրականացվում Մարզահամերգային համալիրում՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ
ՄշակութայինՀայաստանում հյուրընկալվող «Մանկական Եվրատեսիլ» հոբելյանական 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնել են, որ 16 երկիր են մասնակցելու Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին, որի կարգախոսն է` «Պտտի՛ր հրաշքը»:
Թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այս օրերին Երեւանում, պարզեցինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ:
— Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել «Մանկական Եվրատեսիլը»՝ վերանորոգման կամ այլ աշխատանքներ իրականացվո՞ւմ են Մարզահամերգային համալիրում:
— Կապիտալ վերանորոգումներ չեն արվելու: Կատարվելու է կոսմետիկ վերանորոգում՝ պատերը պետք է ներկվեն, մուտքերը պետք է վերանորոգվեն, ասֆալտը պետք է նորացվի, սանհանգույցները, օդափոխության համակարգերը պետք է թարմացվեն: Շատ գործ կա անելու, այդ ամենը չեմ կարող թվարկել հարցազրույցի շրջանակներում: Կարող եք գալ եւ տեղում ծանոթանալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի պատշաճ մակարդակով դիմավորենք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը:
— Ինչքա՞ն գումար է հատկացվել պետության կողմից՝ Մարզահամերգային համալիրի կոսմետիկ վերանորոգման համար:
— Ձեր այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել: Ճիշտ է, մենք նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որպեսզի հասցնենք ժամկետների մեջ տեղավորվել, բայց դեռ կառավարության որոշում չի եղել, գումար չի հատկացվել Մարզահամերգային համալիրի վերանորոգման համար: Կառավարության որոշումը երբ լինի, այնտեղ նշված կլինի, թե ինչքան գումար է պետությունը հատկացնելու այդ աշխատանքների համար:
— Իսկ համալիրում դիզայներական փոփոխություններ լինելո՞ւ են:
— Վերանորոգման հետ կապված դիզայնի որեւիցե փոփոխություն չկա եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Մարզահամերգային համալիրը պատմամշակութային շենք է: Եվ եթե լուրջ փոփոխություն ես անում, պետք է ԿԳՄՍ նախարարությունը եւ համապատասխան գերատեսչությունները թույլտվություն տան: Ինչ վերաբերում է բեմի դիզայնին, այն անում է Հանրային հեռուստաընկերությունը:
— Դահլիճում մոտավորապես որքա՞ն մարդ կտեղավորվի:
— «Եվրատեսիլը» նախատեսվում է անցկացնել առանց պարտերի, որտեղ տեղավորվում է 6200 հոգի, իսկ պարտերով հանդերձ՝ տեղավորվում է մոտավորապես 8500 մարդ: Իսկ թե դիզայնով դահլիճի տեսքը փոխվելուց հետո քանի նստատեղ կլինի, հիմա դժվարանում եմ ասել:
— Ադրբեջանը մերժել է մասնակցել Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցել-չմասնակցելուն, չեմ կարող մեկնաբանել: Կարծում եմ՝ թե՛ մշակույթը, թե՛ սպորտը դրանք այն միջոցառումներն են, որին կարող է մասնակցել ցանկացած երկիր: Երեւի թե քաղաքականությունից դուրս դա պետք է լինի: Եվ եթե որեւէ երկիր ցանկանար մասնակցել Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին», վստահ եմ՝ մեր պետությունը անվտանգությունը կապահովեր: Ինչպես նաեւ վստահ եմ, որ եթե մենք գնանք որեւիցե երկիր՝ մասնակցելու մրցույթներին, նույն ձեւով կվերաբերվեն մեր մասնակիցների, մշակույթի ներկայացուցիչների հետ: Ամեն դեպքում, Ադրբեջանն իր հայտարարությունն արել է, եւ այդ առումով մենք հանգիստ ենք...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. - Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը: