Oդից սնարյադներ էին իջնում, վառված մեքենաներ, կամազներ, դիակներ...Պատերազմի դեմքը այն վերապրած հերոսի շուրթերով
Հանդիպում
Ինչպե՞ս են Տղաները կարողացել մինչեւ հոկտեմբերի 26-ը արյան գնով պահել Հադրութը, ի՞նչ եղավ հոկտեմբերի 26-ից հետո, ո՞վ դավաճանեց հայ զինվորին եւ առհասարակ պատերազմի մասին ողջ իրականությունը: Այս ամենը «Իրավունքի» հետ զրույցում պատերազմից երկու տարի անց վերհիշում է 44-օրյա արհավիրքը սեփական մաշկի վրա վերապրած, մինչեւ նոյեմբերի 10-ը` ծանր վիրավորում ստանալը մարտնչած ՍՈՒՐԵՆ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ:
- Պատերազմը որ սկսվեց, էդ ժամանակ ես հենց քաղաքի ներսում էի։ Առաջին գմփոցը, որ լսեցինք, նայեցինք երկինք. օդից սնարյադներ էին իջնում, նման բան կյանքում տեսած չկայինք: Մարդ կար՝ մտածում էր, թե սալյուտ է: Զինակից ընկերների հետ պետք է արագ մոտենայինք մեքենային ու շարժվեին դեպի դիրքեր։ Մեքենան պայթեց մեր աչքերի առաջ…
Ժամեր անց հասնում ենք դիրքեր։ Մտանք դիրքեր, ու արդեն շուրջը վառված մեքենաներ էին, կամազներ, դիակներ...
Մենք մինչեւ վերջ ուզում էինք մնայինք, որ Հադրութը պահեինք, բայց մեզ չէին թողնում։ Մենք մտածում էինք, որ հող չենք տալու, մինչեւ վերջին շունչն էլ բոլորս կկռվենք, բայց հող չենք տա ... Ասում էինք` լավ, էս էլ տվինք, էս մեկը պահենք, էս տվինք՝ մյուսը պահենք... Բայց դե ամեն ժամ իրենց տեխնիկան ավելի էր շատանում, անօդաչուներն էին շատանում, ամեն օր արկն ավելի առաջ էր պայթում: Հետո մի պահ եկավ, երբ արդեն մենք էլ ստիպված էինք դուրս գալ, շրջափակման մեջ էինք, օգնությունը շատ անկազմակերպ էր։ Ովքեր թասիբ ունեին, նրանք մնացին մեր կողքը։ Հիմնականում մեր գլխի տերն էինք, սպա չկար: Զինվորների վիճակը շատ մարտական էր, ոչ մեկ ոչ մի կերպ չէր ընկճվում, հույսներս չէինք կտրում, մանավանդ որ տուն էինք խոսում, ասում էինք՝ հեսա, հեսա պրծնում ա:
Վերջում Սուրենը ասում է. «Անհավատալի է, բայց դե իմ մեջ ուժ եմ գտել կյանքը շարունակելու։ Եթե ողջ ես մնացել, ուրեմն պետք է շարունակես այն ճանապարհը, որն ընտրել ես»։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ