Արտավազդ Ալեքսանյանը դուրս է եկել ԲՀԿ քաղաքական խորհրդից և երիտասարդների միության փոխնախագահի պաշտոնից
Ներքաղաքական
Արտավազդ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
— Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս ծանր պահին ուզում եմ հանդես գալ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության քաղաքական խորհրդից դուրս գալու և երիտասարդների միության փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում ստեղծման իսկ օրվանից անցել եմ շուրջ 16 տարիների երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում հասցրել եմ զբաղեցնել կուսակցական պաշտոններ, պատվով ներկայացնել կուսակցությունը միջազգային բարձր հարթակներում, կազմակերպել և անցկացնել նախընտրական քարոզարշավներ, ընտրական գործընթացներ, իրականացրել բազմամարդ, խոշոր միջոցառումներ, աշխատել մեծաթիվ կուսակցականների և համակիրների հետ և այլն...
Հասկանալով վերջին տարիների քաղաքական անկայուն վիճակն ու ամեն օր փոփոխվող իրադարձությունները` անդավաճան եմ մնացել քաղաքական թիմին և անկախ ցնցումներից` գործադրել եմ առավելագույն ջանքեր` կառույցը գործուն պահելու և բնականոն աշխատանք կազմակերպելու համար։ Եվ չնայած այն հանգամանքին, որ իմ ջանքերը հաճախ ապարդյուն էին, երբեք կուսակցության ներսում չեմ ունեցել բախումներ կամ լարվածություն, ավելին, հասցրել եմ ձեռք բերել լավ ընկերներ և գործընկերներ։
Այսօր, երբ օր օրի աճում են ՀՀ-ի պետականության և հայ ժողովրդի լինելիության հանդեպ սպառնալիքները, անհրաժեշտություն եմ համարում քաղաքական գործունեությունը փոխարինել հայապահպան գործունեությամբ, իսկ կուսակցական գաղափարախոսությունը` ազգային գաղափարախոսությամբ։
Լիահույս եմ, որ միայն ուժերի առավելագույն կենտրոնացմամբ և պետական շահը ամեն ինչից վեր դասելով` մենք կարող ենք ոտքի կանգնեցնել մեր հայրենիքն ու հաղթահարել այս ծանրագույն փորձությունները։
Այսուհետ շարունակելու եմ քաղաքական և հասարակական գործունեությունս անկուսակցական կարգավիճակում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ողջ քաղաքական թիմին` Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, անցած ճանապարհի համար։
Որոշումն ընդունել եմ մեծ ափսոսանքով , բայց այն անխուսափելի էր։
Իմ հետագա գործունեության մասին հանդես կգամ հայտարարությամբ։