«Հրապարակ». Փաշինյանը իր արեւմտամետ կլիենտներին հորդորել է` էլ ավելի ուժեղացնել հակառուսական եւ պրոարեւմտյան քարոզչական գիծը
Մամուլի տեսություն
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում արտահերթ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արտահերթ, քանի որ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ սովորաբար հանդիպում է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, մինչդեռ վերջին զարգացումները փոխել են պլանները եւ, ի պատասխան հակառուսական տրամադրությունների աճի մասին որոշ գործիչների վերջին օրերի հայտարարություններին ու զգուշացումներին, Փաշինյանը որոշել է հավաքել իր արեւմտամետ կլիենտներին եւ հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական եւ պրոարեւմտյան քարոզչական գիծը։
Քննարկում է եղել նաեւ վերջին իրադարձությունների եւ հատկապես Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ, արեւմտամետներին հետաքրքրել է՝ ի վերջո ԱՄՆ-ն ընդունելո՞ւ է Հայաստանին իր գիրկը եւ ե՞րբ ենք դուրս գալու ՀԱՊԿ-ից, սակայն կոնկրետ պատասխան չի հնչել: Փաշինյանը հասկացրել է, որ քանի հստակ երաշխիքներ չեն ստացել արեւմուտքից, ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլը խիստ վտանգավոր կարող է լինել։