«Ինձ համար շատ հետաքրքիր հայտնագործություն արեցի». Նարեկ Մալյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20Կայացավ արձակագիր, հանրային կապերի մասնագետ եւ ՀՀ ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ թվով երկրորդ, բայց հայալեզու առաջին գրքի շնորհանդեսը, որը վերնագրել է «Զրոյական կետ»: Հեղինակն իր գրավիչ գեղարվեստական վեպով աշխարհին է ներկայացնում քաղաքակրթության «զրոյական կետերն» ու ասում, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգային, ոչ էլ կրոնական պատկանելություն: Ինչպես նաեւ մատնանշում է, որ աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու եւ բարիքները բազմապատկելու նպատակով: Ն. Մալյանն իր գրքում զուգահեռներ է անցկացրել քրիստոնեական եւ մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջեւ, եւ վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով:
«ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ ԳՐԻՉՆ, ԻՍԿԱՊԵՍ, ՇԱՏ ԴԻՊՈՒԿ Է»
Վերադառնալով գրքի շնորհանդեսին՝ նշենք, որ ներկա էին քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, գրչընկերներ ու գործընկերներ: Գրքի մասին ներկաներից խոսեց ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ, որը ոչ միայն պատիվ է ունեցել Ն. Մալյանի գրքի սեւագիր առաջին ընթերցողներից լինելու, այլ նաեւ ականատեսն է եղել գրքի ամենակարեւոր մասին` վերնագրի որոշման կայացմանը:
«Երբ Նարեկի մոտ վերնագրի միտքը խղացավ, ես կողքից թեյ էի խմում եւ նայում, թե ինքն ինչպես միանգամից ընտրեց այն: Դրանից մի ամիսուկես հետո գործուղման էի Փարիզում եւ Նոտերդամի դիմաց անմիջապես հեռախոսով նկարեցի «Զրոյական կետերը» եւ ուղարկեցի Նարեկին: Ամենակարեւորը, որ ուզում եմ նշել այն է, որ Մալյանի թե´ առաջին, թե´ երկրորդ գրքում անմիջապես տեղափոխվում ես այն աշխարհ, որի մասին ինքը նկարագրում է: Շատ դժվար է ապրել Հայաստանում, հայկական միջավայրում ու խաչակրաց արշավանքի, մուսուլմանական աշխարհի մասին գրել այնպես, կարծես, դու հենց այնտեղ ես գտնվում: Բառապաշարը, խոսքերը, դիմելաձեւը… այդ ամենը քեզ տեղափոխում է միջնադար, տեղափոխում է այն հերոսական, պատմական ու նաեւ ողբերգական ժամանակաշրջան, որի մասին նկարագրում է հեղինակը: Այս առումով Նարեկ Մալյանի գրիչն, իսկապես, շատ դիպուկ է», - ասաց վերջերս լույս տեսած «Ախպարները» գրքի հեղինակ Ն. Գալստյանն ու հավելեց. «Սպասում ենք Նարեկ Մալյանի երրորդ եւ ավելի ծավալուն գրքին»:
«ՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԻՆՉՈՒ ՇԱՏ ԳՐՔԵՐ ՉԵՆ ԳՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Իսկ գրքի հեղինակը՝ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆՆ էլ իր խոսքում սկսեց շնորհակալությունների շարք՝ ընդգծելով, որ այս շնորհանդեսն իր կյանքի կարեւոր իրադարձություններից մեկն է. «Պարոն Սահակյանի համար (նկատի ունի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր Վահրամ Սահակյանին, - հեղինակ) անակնկալ կարող է լինել, բայց առաջինն ուզում եմ իրենից սկսել շնորհակալություններս: 2003 թվականին, երբ դեռ նորաթուխ եւ կարմրաթուշ գրող էի, հեռախոսի համարը ճարեցի, հանդիպեցի Վահրամ Սահակյանին եւ ցույց տվեցի առաջին գրածներս: Իհարկե, շատ կոմպլեքսավորված էի, որովհետեւ, երեւի գիտեք իր ոճը… Մտածում էի հիմա այնպիսի բան կասի, որ… Մի խոսքով՝ ի զարմանս ինձ, Վահրամը ոչ միայն կարդաց, այլ ինձ տվեց մի խորհուրդ, որը կիրառել եմ հետագայում գրելու ժամանակ, ու նաեւ այս գրքի մեջ կա այդ խորհուրդը: Իսկ խորհուրդը հետեւյալն էր՝ գրի´ր այնպես, ինչպես ընկերներիդ ինչ-որ մի հետաքրքիր պատմություն կպատմես: Ու դրանով էլ, կարելի է ասել, հիմնադրվեց այն գրական ոճը, որով շարունակեցի ստեղծագործել»:
«Զրոյական կետ» գրքի հեղինակը նաեւ մի բացահայտում արեց, հատկապես ստեղծագործողների համար. «Շատ հետաքրքիր հայտնագործություն արեցի ինձ համար՝ պարզվեց, որ գիրք գրելը թիմային աշխատանք է: Անկեղծ եմ ասում, ես դա չգիտեի, որովհետեւ առաջին գիրքը գրելիս այդ մոտեցումով չեմ առաջնորդվել: Սա ինձ համար բացահայտում էր եւ հասկացա, թե ինչու շատ գրքեր չեն գրվում Հայաստանում, որովհետեւ թիմային աշխատանքի խնդիր ունենք»:
Իսկ թե ինչպե՞ս է բազմազբաղ առօրյայից ժամանակ գտել ու վեպ գրել, Ն. Մալյանն անկեղծացավ. «Կարող էի օրերով կորել եւ նստել գրել ու դրա համար ներողություն եմ խնդրում, որ ինչ-որ ժամանակով ֆիզիկապես բացակայել եմ շատուշատ միջոցառումներից»:
Իսկ վերջում Ն. Մալյանը շեշտեց, որ գրքի նպատակը դրսում այն ներկայացնելն է, ինչի համար էլ այն նաեւ կլինի անգլերեն տարբերակով:
«Ուզում եմ, որ այս գիրքը դրսում գոնե մի 10 հոգի կարդա», - համեստաբար հավելեց հեղինակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ