Հիշեցում` միայն նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ձրի ստացել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք. Մինասյան
Ներքաղաքական
Ազգային ժողովում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու մասին իրարամերժ ելույթներին անդրադառնալով` Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց, որ գործ ունենք կա՛մ անկարող, ոչ կոմպետենտ իշխանության, կա՛մ թուրք-ադրբեջանական գործակալների հետ, որոնք զավթել են իշխանությունը:
— Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Այս ազգակործանն ասում էր, որ մենք ունենք գումար, բայց չենք կարողանում հավուր պատշաճի զենք ու զինամթերք մատակարարել մեր բանակին: Եվ դա ասում է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հարց էր բարձրացնում, թե որտեղի՞ց հայկական բանակին այդքան մեծ քանակի զենք, որովհետեւ միայն ռազմավարը՝ ոչ այն զենք-զինամթերքը, որը պատերազմի ընթացքում օգտագործվել է կամ ոչնչացվել, Բաքվի բռնակալի կողմից գնահատվել էր 4 միլիարդ դոլար: Նա ասում էր, թե հայկական զենքը այդքան շատ լինել չի կարող, որովհետեւ բյուջետային հնարավորություններն այդպիսին չեն: Հիշեցում` միայն նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ձրի ստացել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք: Երեւանից Սեւան մայրուղին մոտ 50 կիլոմետր է` 50 հազար մետր: Պատկերացրեք, որ դուք քայլելով գնում եք Երեւանից Սեւան եւ յուրաքանչյուր մետրի վրա տեսնում եք մեկ տոննա զենք ու զինամթերք, ընդ որում` ձրի բերված: Զուգահեռ անցկացնենք. այս ազգակործանն ասում է՝ ունենք գումար, բայց ինքը չի կարողանում զենք մատակարարել բանակին: Էլի նույն հարցը պետք է տամ` մենք գործ ունենք անկարող ու ոչ կոմպետենտ ղեկավարի՞, թե թուրք-ադրբեջանական գործակալի հետ:
— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչո՞ւ են բոլորն իրենից հարցնում` ինչո՞ւ չկանգնեցրեցիր պատերազմական գործողությունները, բայց ոչ մեկը չի հարցնում` ինչո՞ւ չհաղթեցիք այդ պատերազմը…
— Այդպիսի հարց կարող էին տալ առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, որովհետեւ նրանք ցույց են տվել, որ հակառակորդին ծնկի բերող նախագահներ են: Եվ ակնհայտ է իր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրենից դա չեն հարցրել: Որովհետեւ հարցնողների մի մասը իրեն համարում են անկարող ու ոչ կոմպետենտ, մյուս մասը՝ թուրք-ադրբեջանական գործակալ: Ահա թե ինչո՛ւ իրենից դա չեն հարցրել: Եվս մի հիշեցում նրա ելույթից` ասում էր, որ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են: Դրանք սկսվում են Սյունիքի վերջին գյուղից եւ ավարտվում են մայրաքաղաք Երեւանով: Էլի նույն հարցն է ծագում՝ լավ մենք ո՞ւմ հետ գործ ունենք՝ անկարող ու ոչ կոմպետենտ մի մարդո՞ւ, թե՞ թուրք-ադրբեջանական գործակալի: Ես էլի երկրորդի կողմնակիցն եմ: Եթե մեզ չհաջողվի օր առաջ վռնդել այս թուրք-ադրբեջանական ոհմակին իշխանությունից, չկանգնեցնել սրանց դատարանի առաջ, ապա տեղի կունենա այն ավարտը, ինչ այս թուրք-ադրբեջանական գործակալը հայտարարեց Ազգային ժողովում: Թուրքերը կմտնեն Երեւան ու կմտնեն յուրաքանչյուր հայ օջախի ննջասենյակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ