«Երբ ղեկին է քաղաքական դաշտի համար թերուս մեկը, ոչինչ արդեն զարմանալի չէ».ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
— Տիկին Հովհաննիսյան, Ձեր՝ 44-օրյա պատերազմի մասին գիրքը մեր հերոսների մասին է: Կմանրամասնե՞ք:
— Գիրքը հերոսության քրեստոմատիա է, ուսուցանող: Հայրենասիրության դասեր են այնտեղ, արիության, ազգանվիրումի, պայքարի: Մի քանի տարվա կտրվածքով նայելիս, այն առավել կարժեւորվի: Հերոսների հարազատների պատմությունների վրա է կառուցված գիրքը: Այնտեղ է մեր սերուցքի հերոսապատումը: Հիմա, երբ ետ եմ նայում, ինձ մի հարց չեմ կարող չտալ` Հռիփսիմե, դու պոետ էիր, ինչպե՞ս կարողացար ցավի բեռներով հասնել վերջնագրին: Անհավանական է: Այո, թիկունքիս առաջնորդող երկնային ուժեր էին, անմահ հոգիների աստղալույսը, եւ գրվեց:
— 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց մեր Հայրենիքի վրա: Ի՞նչ կասեք այս մասին:
— Գիտեի, որ պատերազմի ավարտի քարտեզը դեռ ամբողջական չէ, արկերը դեռ նոր են լռել, արյունը չի մաքրվել հողից, բայց նման արագընթացություն չէի պատկերացնում: Չնայած, երբ ղեկին է քաղաքական դաշտի համար թերուս մեկը, ոչինչ արդեն զարմանալի չէ:
— Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չնայած 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստներին` հայ ժողովրդի հոգին չի կոտրվել…
— Ո՛չ, հազար անգամ` ո՛չ: Մահվան ուրվականը, երբ տեսանելի է, տանտեր է դառնում, միֆական խոսքերը դատարկ կրակոցներ են: Ժողովրդի ոգին պողպատից չէ, քարից չէ: Եթե միայն սեւն է իշխում իր ընդերքում, ինչպե՞ս կարող է նրան վարդագույն ասել: Ցավը պիտի ապրել, որ կշիռը զգացվի: Ֆանտազիայի ժանրին է հաճախ Նիկոլը դիմում: Նա որտեղի՞ց հասկանա անվերջ մխացող ցավի սզուն, երբ չի ապրել այդ ողբերգությունը:
— Ճի՞շտ եք համարում համացանցում տեսակետներ այդ թեմայով փոխանակելը:
-Թեման ցեցակիր է...
— Եվ վերջում՝ Ձեր հոգու խոսքը այն ծնողներին, որոնց որդիներն այս պահին կռվի դաշտում են, եւ այն զինվորների ծնողներին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի:
— Խոսքեր չունեմ, միայն արյանս ամեն մի բջիջով հասկանում եմ նրանց: Այն մնում է աղ` թաց վերքի վրա, որը երբեք չի սպիանում: Օրերի արթուն պահակն է, հիշեցնում է, որ տառապանքին քնել չկա, ինքը աչքերը չի փակում: Հսկում է կյանքի բոլոր պահերը եւ չի թողնում, որ մոռանաս իր մասին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ