Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
ՄշակութայինԱդրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Հայկական կողմն ունի 100-ից ավել զոհեր, որոնց թվում է նաեւ «Բերդ» պարային անսամբլից 1,5 ամսվա զինծառայող ԼԱՎՐԵՆՏԻ ՆԱՏՈՅԱՆԸ:
Նշենք, որ անմահացած զինվորի քեռին՝ Լեւոն Խաչատրյանը, 44-օրյա պատերազմի զոհերից էր: Լավրենտիի հոր մտերիմ ընկեր ԵՂԻՇԵ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ զոհված զինվորին հուղարկավորել են երեկ` սեպտեմբերի 15-ին:
««Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն սիրելի Լավրենտիին սիրով կհիշեն բոլորը, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա», - ընդգծել է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ