ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո միանգամից վազել է վիրավոր ընկերներին օգնություն ցուցաբերելու, նույն պահին երկրորդ ԱԹՍ-ն է գործարկվել․ Սուսաննա Մարգարյանի սխրանքի ուղղին ու նրա արյան գինը
Հանդիպում
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրն իր մարտական ընկերների հետ որպես կամավորական ռազմական գործողությունների գոտի էր մեկնել նաեւ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։
Ինչպիսի՞նն էր անմահացած մեր հայրենակցուհին կյանքում եւ ռազմաճակատում փորձել ենք հետաքրքրվել Սուսաննայի մարտական ընկեր, հրամանատար, ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանից, ով խորը ցավով փաստեց․
-Ի տարբերություն այսօր հրապարակներում հավաքված տղամարդկանց Սուսաննայի համար հայրենիքը սկսվում էր սահմանից։ Ինչպես միշտ այս անգամ էլ Սուսաննան առաջինը պատրաստվեց ու մեզ հետ միասին մեկնեց ռազմաճակատ, նրա հայրենասիրությունը չուներ սահման։ Մեր մարտական ընկերը անմնացորդ նվիրյալ էր, հայուհու մաքուր ու անառիկ տեսակ։ Գիտեր անվերապահ նվիրվել հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, նրա կայուն կամքը չէր կարող կորտրել։ Նա ուներ չափազանց ուժեղ ու միեւնույն ժամանակ անասելի փխրուն սիրտ, կարող էր միանգամից հունից դուրս գալ ու վարկյանների ընթացքում ներել, հասկանալ դիմացինին։
Անդրադառնալով մեր հայրենակցուհու վերջին վարկյաններին պարոն Պետրոսյանը ասաց․
-Սուսաննան անմահացավ իր հայրենասիրությամբ, ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո միանգամից վազել է վիրավոր ընկերներին օգնություն ցուցաբերելու, նույն պահին երկրորդ ԱԹՍ-ն է գործարկվել։
Սուսաննան ու նրա նման հազարավոր հայուհիների ու հայորդիների արյունը այսօր կանանց փեշերի տակ թաքնված տղամարդկանց վրա է։ Սուսաննան իր կյանքը դրեց հրապարակներում գոռացող տղամարդ կոչվածների համար։ Մեր Սուսաննան ու նրա նման նվիրյալները անմահացան փողոցներում թրեւ եկող տղամարդկանց փոխարեն։ Սուսաննայի բացը լրացնել երբեք չի ստացվի։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ