Օգոստոսից մինչեւ սեպտեմբերի 1-ը ունենք վեց զոհ, ձեզ դո՞ւր է գալիս այս խաղաղությունը. Ադիբեկյան
ՆերքաղաքականՄի կողմից` հայաստանյան իշխանությունն ամենօրյա ռեժիմով խաղաղության քարոզ է անում, իսկ մյուս կողմից` Ադրբեջանն ամեն օր սահմանային սադրանքների է փորձում դիմել հայկական դիրքերի ուղղությամբ: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ասաց, որ ավանդական է դարձել լուրջ հանդիպումներից առաջ եւ հետո ադրբեջանական կողմից պարտադիր սահմանին լարվածություն ստեղծելը, ընդ որում` իրենց համար ցանկալի է, որ դրանք լինեն զոհերով:
— Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բնութագիրը` նրանք այդ լարվածությունը ստեղծում են, որ հանկարծ չփորձի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկելու պարտավորվածությունը կատարելուց խուսափել: Հիմա հարց եմ տալիս այն կեղծ լիբերալներին, որոնք ասում էին, թե «ամեն ինչ լավ է», «պատերազմից հետո խաղաղություն կգա», «Աստծուն փառք, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերջապես սահմանին զինվորներ չեն զոհվի»: Դե ինչ, հիմա ձեզ դո՞ւր է գալիս այս խաղաղությունը: Կուզեի` այսպես արտահայտվող մարդկանց զրկեն Հայաստանը լքելու հնարավորությունից, որպեսզի այդ խաղաղությունը բոլորն «ըմբոշխնեն»: Օգոստոսից մինչեւ սեպտեմբերի 1-ը ունենք վեց զոհ: Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում 3-4 անգամ կրակ է արձակել մեր դիրքերի ուղղությամբ, ունենք վիրավորներ: Գո՞հ եք, վայելո՞ւմ եք ձեր այդ սպասված ու տենչացած խաղաղությունն Ադրբեջանի հետ: Սա դեռ սկիզբն է, որովհետեւ այն պահին, երբ Ադրբեջանը կստանա այն ամենը, ինչ իրեն խոստացել է եւ կմատուցվի, գալու է բոլորիս տները: