Երեւանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթնաժողովը
ՄշակութայինԵրեւանում սեպտեմբերի 12-15-ը կանցկացվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների գագաթնաժողովը։ Հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպիչն է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ Պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգով:
Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարեւորագույն նախաձեռնությունների՝ 70-ամյակի օրակարգին եւ «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների եւ շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։
Գագաթնաժողովին կմասնակցեն 45 երկրից 120 փառատոների ղեկավարներ, քաղաքապետեր եւ այլ շահագրգիռ կողմեր, որոնք կկիսվեն իրենց մտքերով, մտահոգություններով եւ առաջարկներով։ Հանդիպմանը կմասնացեն նաեւ Եվրոպայի ամենահին եւ ամենախոշոր Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի Շեքսպիրյան փառատոնը եւ այլն։
Գագաթնաժողովի մասնակիցները շրջայցներ կունենան Երեւանի տարբեր տեսարժան վայրերում, կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ։