Հայկ կրտսերը համալրեց առաջին դասարանցիների շարքը
ՆերքաղաքականՍեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց քաղաքական եւ մշակութային գործիչների ընտանիքներին: Երեկ մի շարք հայտնիների փոքրիկներ եւս առաջին անգամ մուտք գործեցին դպրոց: Դպրոցական տոնական տրամադրություն էր նաեւ Բաբուխանյանների ընտանիքում: Այս տարի առաջին դասարան գնաց ՀԱՅԿ կրտսերը` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ թոռնիկը: Փոքրիկ Հայկին դպրոց ուղեկցեցին ծնողները, տատիկն ու պապիկը: Պապիկից հաջողվեց պարզել, որ փոքրիկ Հայկը դպրոց հաճախելուն դրական եւ մեծ հետաքրքրությամբ է տրամադրված:
— Պարոն Բաբուխանյան, ո՞ր դպրոցն է հաճախելու փոքրիկ Հայկը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:
— Հաճախելու է մի դպրոց, որը կոչվում է «Տաթեւ»: Դպրոցի կարգախոսն է` «Ազգ, հայրենիք, գիտելիք»: Ընտրեցինք այս դպրոցը, որպեսզի հեռու մնա այլեւայլ օտարմոլություններից եւ հասկանա առաջնայնությունը կյանքում, որը նշված է այդ դպրոցի կարգախոսի վրա: Իհարկե, այդտեղ պետք է ավելացնել նաեւ ընտանիք ու քրիստոնեական այլ արժեքներ:
— Որպես պապիկ` ի՞նչ մտահոգություններ ունեք կապված այսօրվա դպրոցի հետ ընդհանուր առմամբ:
— Պետք է հասկանանք, որ դպրոցի աղավաղումը 90-ականների սկզբից բերեց այն կատաստրոֆային, որը մենք այսօր ենք տեսնում: 30 տարի առաջ ՀՀՇ-ականները քանդեցին դպրոցը, որպես լուսավորչական ինստիտուտ, եւ այն վերածեցին վայրի եւ իրենց կառուցած գռեհիկ կապիտալիզմի օղակներից մեկը` իր ամբողջ հակաբարոյականությամբ, հակամարդկային եւ հակահայկական էությամբ հանդերձ, ինչի հետեւանքները քաղում ենք այսօր: Այն այլանդակ շերտը, որն այսօր Ազգային ժողովում է իր զազրելի կերպն ի ցույց դնում, կա նաեւ այլ ոլորտներում: Շատ անգամ չենք շփվում, բայց տեսնում ենք այդպիսի մարդկանց ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ տարբեր ոլորտներում: Ուղղակի, դպրոցից հոգեւորը հանել են եւ տեղը սպառողականն են ներդրել: Հույս ունեմ` մեր հայկական դպրոցը, ի վերջո, ինքնամաքրման, ինքնազտման ճանապարհով եւ ինչ-որ մի ազգային ինքնապահպանման բնազդի ուժով կվերադառնա նոր մակարդակի, որտեղ հոգեւորը, լուսավորը կլինի այն բազիսը, որի վրա երեխաները կստանան բարձրակարգ կրթություն: Եթե դրան հասնենք, ուրեմն` որպես ազգ, կփրկվենք եւ մի 30 տարի հետո` հույս կունենանք, որ կվերածնվենք:
— Ի՞նչ կմաղթեք արդեն աշակերտ դարձած առաջին դասարանցիներին:
— Մաղթում եմ, որ դպրոցն ավարտեն եւ իրենց կրթությունը ստանան ավելի լավ Հայաստանում: Ցանկանում եմ, որ այդ տարիներին նրանք ձեռք բերեն խորը գիտելիքներ եւ լայն աշխարհայացք` հիմնված ազգային, քրիստոնեական բարոյականության վրա, որպեսզի դպրոցական 10 կամ 12 տարվա (գուցե մինչեւ իրենց ավարտելն էլի վերադառնանք 10-ամյա կրթության) ընթացքում երկիրը լինի խաղաղ, ամուր, անկորուստ եւ արժանապատիվ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ