«Ելք»-ը կա. գործադիրում աշնանը լուրջ փոփոխություններ են սպասվում
Ներքաղաքական«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր վրայից: Իհարկե, էդմոնմարուքյանական եւ արամսարգսյանական կադրերին նա առանցքային նշանականություն ունեցող նախարարություններում չի տեսնում, նրանք դեռեւս կբավարարվեն մի քանի երկրորդական նախարարություններ համակարգելով: Իսկ հենց ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, չի բացառվում, որ բավական լուրջ պորտֆելներ ստանձնեն, օրինակ` ԱԳ նախարարի ու փոխվարչապետի:
Ի դեպ, կառավարությանը մաս կազմելու առաջարկ ստացել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնավորապես՝ կրկին նախարարի պաշտոն են խոստացել այս քաղաքական ուժի մաս կազմող նախկին ԼՀԿ-ական ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ, սակայն ինչ-ինչ հարցերում նրանք վերջնական համաձայնության չեն եկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ