Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար
ՀասարակությունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 18-ին Ս․ Հովհաննես Մկրտիչ եւ Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։
Մինչ արարողությունը՝ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորեց հայորդիներին միասնական լինել եւ աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։
Եկեղեցականաց դասը եւ ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաեւ պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։