Պայթյունի գործում առկա ապացույցները վկայում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել անզգուշությամբ. Քյարամյան
Ներքաղաքական«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրգործով այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ փաշինյանի հարցին։
Փաշինյանը հետաքրքրվել էր, թե դիտարկել են արդյոք ահաբեկչական գործողության կամ դիտավորության վարկածը։
«Դեպքի առնչությամբ հարուցված քրգործով տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում` ձեր ասածները։ Բայց չկա փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորության մասին»,–ասաց Քյարամյանը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ տեսագրություններն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ «ծուխ կա, ու փախնող մարդիկ կան»։
Քյարամյանն արձագանքեց, թե առկա ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։