Ռուս խաղաղապահներից բացի Արցախում այլ երկրների խաղաղապահների ներգրավումը կարող է «պայթեցնել» տարածաշրջանը. Բաբայան
Ներքաղաքական«Ռուս խաղաղապահներից բացի Արցախում այլ երկրների խաղաղապահների ներգրավումը կարող է «պայթեցնել» տարածաշրջանը եւ դա քարոզող պերսոնաժները երեւի դրան էլ ձգտում են: 2020 աղետալի պատերազմից հետո գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դարձավ տարածաշրջանում խաղաղության պահպանման, Արցախի վերջնական հայաթափումը կանգնեցնող, արցախահայության կոտորածը կանխող միակ գործոնը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում վայնասունները դրած տարատեսակ կերպարներ փորձում են նսեմացնել ՌԴ խաղաղապահ առաքելության դերը, սակայն միեւնույնն է դրանից բան չեն կարողանում փոխել: Եվ հիմա տեսնում ենք, որ տարբեր կենտրոններից քարոզվող այդ թեզը, թե իբր ռուսական զորախմբին կարող է փոխարինել մի այլ միջազգային կոնտինգենտ ինչպես է տարածում ստանում սոցիալական ցանցերում եւ մեդիայում: Սա չափազանց վտանգավոր քարոզչություն է եւ դրանից որեւէ լավ բան սպասել չի կարելի: Սա լրջագույն հարված է ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչը պետք է շտապ կանխել: Եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը խաղաղապահների հարցում, այս անգամ այնտեղ ոչ թե կլինեն հարթվող խնդիրներ, այլ հակառակը՝ խնդիրներ, որոնք երբեք չեն հարթվի», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: