Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին քննադատությունն արդարացված չէ. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին քննադատությունն անհիմն է, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը։ Նրա խոսքով, իրենք ակտիվորեն աշխատում են իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, նրանց դերն արդեն նշվել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից։
«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգահեռ՝ ռուս խաղաղապահները շարունակում են ակտիվ աշխատանքը, անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահների առանձին քննադատությունը մենք համարում ենք չարդարացված»,- ասել է Նեչաևը։ Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է նաև, որ Ռուսաստանը մշտապես կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է՝ գտնելու լուծում, որը կհամապատասխանի բոլոր կողմերին։