Հետմահու լույս է տեսել սիրո վարդապետի՝ Հայր Մաղաքիայի գիրքը
ՄշակութայինԼույս է տեսել Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի` «Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը եւ նրա տեղափոխությունները» գիրքը։ Գրքի հրատարակության աշխատանքները Հայր Մաղաքիայի հետ սկսվել էր դեռեւս մեկ տարի առաջ։ Ցավոք, Հայր սուրբը չկարողացավ ավարտին հասցնել այն իր կենդանության օրոք։ Սակայն, գիրքն այսօր իրականություն է:
Գիրքը բաղկացած է` երկու խոսքից, որտեղ ներկայացված է Հայ Եկեղեցու դերի կարեւորության, դրա` որպես ազգային եկեղեցու գործունեության եւ հայապահպանության դերի մասին, ինչպես նաեւ ներկայացված է Հայր Մաղաքիայի կյանքն ու գործունեությունը, որն ամբողջությամբ նվիրել է Հայ եկեղեցուն եւ ժողովրդին։
Հաջորդ գլուխներում խոսվում է քրիստոնեության տարածման, Հայ եկեղեցու նվիրապետական կարգի ձեւավորման, կաթողիկոսական աթոռների տեղափոխության, կաթողիկոսների ընտրության եւ օծման կարգի հաստատման ու 1441 թ. Սսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի տեղափոխության մասին։
Գիրքը լույս է տեսել աշխատասիրությամբ` Արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի, բարերարությամբ` Մելքոնյան ընտանիքի։