Ջուրը կարող է նորից թանկանալ․ «Վեոլիա ջուրը» մտադիր է սակագինը վերանայելու հայտով դիմել ՀԾԿՀ-ին
Հասարակություն
«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Նախապատրաստվող հայտի մասին հայտարարությունն ընկերությունն արդեն հրապարակել է տպագիր մամուլում։
Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Սղաճի հետևանքով փոփոխված գնային հաշվարկի համաձայն, ըստ ջրամատակարար ընկերության, խմելու ջրի մատակարարման սակագինը քաղաքացիների համար յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 177,6 դրամ, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց` 31,3 դրամ։ Արդյունքում գումարային սակագինը կկազմի 1 խմ–ը` 209 դրամ։
Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 41,8 դրամ, ջրահեռացման սակագինը 1 խմ–ի դիմաց՝ 20,9 դրամ, գումարայինը` 62,7 դրամ։
«Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած նոր սակագները պետք է ուսումնասիրի ՀԾԿՀ–ն և վերջին խոսքն ասի։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն իսկ թանկացել է 20,47 դրամով։