«ՍՈՒՐՃ ՈՒ «ՊԻՎԱ» Է ԽՄՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ, ԵՎ ԻՐ ԱՆԵԿԴՈՏԱՅԻՆ ՍՅՈՒԺԵՆԵՐՈՎ ԳԻՐՔԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ».ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Բեգլարյան, ըստ Ձեզ` այսօրվա գրական կյանքն ի՞նչ վիճակում է:
— Այն գրականությունը, որն այսօրվա համար է, ժուռնալիստիկան է եւ հրապարակախոսությունը…Իսկական գրականությունն ապագայի համար է եւ ապագայում է արժեւորվում: Այսօր ճարպիկները ծավալուն գրախոսականներ են գրել տալիս իրենց «հանճարեղ» գրքերի համար... Դեռեւս մրցույթից առաջ մեկը հարցազրույց է տալիս, թե սուրճ ու «պիվա» է խմել Նիկոլի հետ, ո՞նց կլինի, որ «նախագահի մրցանակը» իրեն չտան, եւ այո, իր անեկդոտային սյուժեներով գիրքը ստանում է նախագահի մրցանակը: Այսօրվա գրողների մեծ մասը երկրում տիրող իրավիճակից լեղապատառ է եղել, չգիտեն, թե ում հաճոյանան, անկյուն կանգնած ծույլիկ աշակերտի նման են, ուստի` ի՞նչ պետք է լինի նրանց ստեղծածը...
— Որո՞նք են հիմնական սխալները, ինչը թույլ են տալիս մերօրյա գրողներն իրենց ստեղծագործություններում:
— Մեր մեծ պոետն է ասել. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», սակայն հիմա շատ գրողներ ոչ թե ժամանակի շունչն են դառնում, այլ ունկնդիր ու ձայնակցող են իշխանությունների անառողջ խռռոցներին:Կան նաեւ բացառություններ, ավաղ, շատ քիչ...
— Նոյեմբերյանի մշակութային կյանքում ի՞նչ նորություններ կան:
— Մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոնն օրերս սկսեց Շիրվանզադեի «Չար ոգին» պիեսի մոտիվներով իմ հեղինակած դրաման... Բոլորովին նոր ասելիք է, նոր որակ, դերակատարումներով հանդես կգան 5 սերնդի ներկայացուցիչներ: Բեմադրող ռեժիսորը եւ գլխավոր դերակատարներից մեկը ես եմ: Նորություն կարող էր լինել իմ պատմվածքների նոր ժողովածուն, եթե փող ունենայի, կկարողանայի վերջապես ազատել նրան տպարանային 2 տարվա բանտարկությունից:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ