Վերմիշյանը երկու անգամ պահանջել է շտապօգնության բրիգադ կանչել, ՔԿՀ-ն մերժել է
Ներքաղաքական«Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապօգնություն կանչելուց եւ Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապօգնություն կանչելու եւ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որեւէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո, ժամը՝ 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:
Ժամը՝ 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ. Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը։