Կարող ա մեռե՞լ ենք, բայց չեք ասում, որ տրամադրություններս չընկնի...
ՆերքաղաքականՔանի որ ընդդիմության «Զարթնիր Լաո» օպերացիան էլ մեր հանրության լայն շրջանակներին չարթնացրեց լեթարգիական քնից, այս հարցով որոշել է զբաղվել անձամբ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս շաբաթ օրը մի «հրովարտակ» է արձակել, թե՝ «քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի»:
Այսպիսով՝ սովորաբար երկուշաբթի օրերին բարկացող Հրաչյա Սարգսյանը, այս անգամ շաբաթ օրը շուտ էր արթնացել եւ որոշել է, որ այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երեւանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաեւ միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Վերոնշյալ որոշմանը երեւանցիների մի մասը հումորով ընդունեց՝ առաջարկելով նաեւ սահմանել «օտբոյի» ժամերը, մյուս մասը սվիններով, թե մնացել էր քաղաքապետը որոշի՝ երբ քնել, երբ արթնանալ, իսկ երրորդները վտանգներ տեսան, որ կամաց-կամաց սովորեցնում են նամազի ժամերին: Սակայն այս ամենում ամենաուշագրավն այն է, որ քաղաքին շուտ արթնացնող քաղաքապետի ղեկավարած համայնքի ժամացույցների սլաքները, հեռու տնից-տեղից, կանգնեցված են: Սա թերեւս հիշեցնում է Խաթաբալադա ներկայացման հայտնի խոսքը. «Կարող ա մեռե՞լ եմ, բայց չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»:
Երեւանի ավագանու նախկին անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ դիմել է քաղաքապետարանին եւ հարց բարձրացրել. «Ո՞վ է պատասխանատու քաղաքի կենտրոնում տեղակայված սյուների վրայի ժամացույցների կենսագործունեության համար, դրանք այս եռուն տուրիստական շրջանում չե՛ն աշխատում, խնդրում եմ կարգի բերել քաղաքի ժամացույցները, դա ի՞նչ դժվար բան է, քաղաքապետարանի համար, շատ ամոթալի երեւույթ է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ