Արմեն Գրիգորյանի դին ծածկվեց Եռագույնով, ինչպես վայել է հերոսներին...
Հասարակություն
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ:
Փշաքաղվելու չափ հուզիչ էր, երբ եկեղեցի մտավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Ալլա Հակոբյանը՝ Եռագույն դրոշը ձեռքին: Նա Եռագույն դրոշով պատեց Արմեն Գրիգորյանի դին... Իր այս քայլը մտավորականն այսպես մեկնաբանեց. «Արմեն Գրիգորյանը զոհվել է, ոչ թե մահացել... Մահանում են սեփական անկողնում կամ տան թախտին նստած, իսկ Արմենը զոհվել է, ինչպես զոհվեցին մեր հազարավոր զինվորները... Պարզապես, նրանց խրամատներն էին տարբեր: Այնտեղ՝ առաջնագծում, երբ թշնամին աչքիդ առաջ է, շատ ավելի հեշտ է կռվելն ու հակառակորդին հետ շպրտելը... Արմենը կռվում էր մեկ այլ պատերազմում... Այն պատերազմում, որը չի հայտարարվում, բայց շարունակվում է ընդդեմ հայ ժողովրդի»:
Հիշեցնենք, որ Ա. Գրիգորյանն իր մահկանացուն կնքեց դատական նիստերի դահլիճում՝ վերջին ժպիտը հղելով դահլիճում ներկաներին, որոնց թվում էր նաեւ Ալլա Հակոբյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ