Ռազմական համալսարաններն ընկել են ԿԳՄՍՆ-ի օրը
ՆերքաղաքականԱվիացիոն եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանների փոխարեն` կստեղծվի ռազմական ակադեմիա: Այսպիսի նախագծով Ազգային ժողով էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական–քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` առաջին հայացքից այս ամենի մեջ ոչ մի թշնամական բան չկա:
— Բայց մենք հիշում ենք, թե ինչպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դարձրին մի ամբողջական եւ ինչպես բարեփոխման անվան տակ քանդեցին յուրաքանչյուր ոլորտ: Որպեսզի կարողանաս գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը մի ամբողջական համակարգում ճիշտ կառավարել, պետք է ունենաս գերպրոֆեսիոնալ մասնագետներ, այդ թվում` գերպրոֆեսիոնալ փոխնախարարներ: Բայց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Լենա Նազարյանն ասում էր, որ իրենք նվիրյալներ չեն եւ արդյունքում փլուզեցին գիտությունը, կրթությունը, սպորտը, մշակույթը: Հիմա պետք է նույնը սպասել այս հարցում: Ռազմական ինստիտուտները դարձնելը մի ամբողջություն վերջնական փլուզումն է ոչ միայն բանակի: Չէ որ այդ համալսարաններում սովորող սերունդը 5–10 տարի հետո պատրաստի սպաներ պետք է դառնային: Ըստ էության, արմատախիլ է արվում ոչ միայն բանակը, ոչ միայն ոչնչացնում են «հերոս» գաղափարը, այլ` ամբողջ պաշտպանական համակարգը, ընդհանրապես «սպա» կոչվելու գաղափարը: Այսօր քաղաքական ձեռնոց է նետված Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, որոնց սպասարկում են սրանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ