ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտին
ՀասարակությունՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: