Տեղի կունենա «Մաեստրո» առաջին միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը
ՄշակութայինԴեռեւս մայիսին կայացած «Մաեստրո» առաջին միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին 7 անվանակարգերում 6 տարեկան եւ բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից:
Մասնակիցների ելույթները գնահատեցին տարբեր անվանակարգերի միջազգային ժյուրիները, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտներ: Իրենց անվանակարգերում հաղթող մասնակիցները պարգեւատրվեցին I, II, III կարգի դիպլոմներով, հատուկ մրցանակներով եւ նվերներով, իսկ լավագույնները արժանացան «Գրան պրիի»:
Հաղթողների եւ «Գրան պրիի» արժանացածների գալա-համերգը տեղի կունենա ս/թ հուլիսի 6-ին, ժամը՝ 18:00-ին, Հայ-ռուսական համալսարանի դահլիճում: Մասնակիցների համար հուլիս ամսին կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր հանրաճանաչ երաժիշտների կողմից:
Հիշեցնենք, որ երաժշտական «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2022 թ․ համանուն հասարակական կազմակերպության կողմից: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է հետհամաճարակային շրջանում պատանիների ու աղջիկների երաժշտական կատարողական վարպետության բարձրացումը, տարբեր ազգերի արվեստագետների մերձեցումն ու համագործակցությունը, երաժշտական արվեստի հանրահռչակումը: