Զրո աջակցություն նրանց, ովքեր դուրս կգան Բերձորից. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` այսօր ոչ մի դեպքում չպետք է մտածել Արցախի Բերձորից, Աղավնոյից ու Սուսից տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների մասին, այլ պետք է մտածել հատկապես այս երեք բնակավայրերում ինտենսիվ բնակեցման ծրագրեր իրականացնելու մասին:
— Պետք է լինի զրո աջակցություն այն մարդկանց, ովքեր Բերձորից դուրս կգան եւ աջակցություն նրանց, ովքեր կգնան Բերձորում ապրելու: Եթե պետությունը փող ունի` աջակցության տրամադրման, ինչո՞ւ են տրամադրում Բերձորից դուրս եկողին, աջակցություն պետք է տրամադրել բնակավայր գնացողին: Այս շրջանում Բերձորում ինչքան դատարկ տուն կա, պետք է բացել, մտնել, չնայել, թե ում սեփականությունն է: Երբ թուրքը հասավ այդտեղ, չի նայելու, թե ով սեփականության վկայականներ ունի: Բերձորում հենց հիմա պետք է բացել բանկի մասնաճյուղը, ակտիվացնել առեւտուրը շուկաներում, համերգներ կազմակերպել, որպեսզի մշակութային կյանք լինի այս օրերին: Այդ հնարավորությունը կա, ուղղակի, այն կիրառում են այդ բնակավայրերը դատարկելու համար: Արցախի այլ շրջաններից տեղահանված քաղաքացիները եւս այսօր ունեն բնակարանային ապահովության խնդիրներ, այդ խնդիրներն առաջնահերթ պետք է լուծում ստանան հենց Բերձորում, Աղավնոյում եւ Սուսում: Մինչդեռ ես հանդիպում եմ ունեցել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ, եւ պարզվել է, որ այսօր Արցախի կառավարությունն այդ բնակավայրերի բնակեցման խնդիր չի լուծում: Բայց չէ որ ռուս խաղաղապահների խնդիրն Արցախում հայ բնակչության անվտանգության ապահովումն է, որտեղ այդ բնակչությունն ապրում է, այնտեղ էլ իրենց անվտանգության ապահովումը կիրականցվի: Ռուսներն այս առումով որեւէ խնդիր չեն դրել, խնդիրը գալիս է միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ