Ոչ միայն գյուղերը դառնում են սահմանամերձ, այլեւ անմիջապես դիտարկման տակ են հայտնվում թշնամու ուժերի կողմից. Մեհրաբյան
Ներքաղաքական
Լաչինի միջանցքով այսօր գործող ճանապարհով անցնում են էներգակիր տարանցիկ ուղիները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի, կապի եւ հեռուստատեսության մալուխները, ինչպես նաեւ գազատարները: Այս մասին հիշեցնում է ՀՀԿ խորհրդի անդամ ՆԱՐԻՆԵ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ եւ ընդգծում, որ այն ստացել է «կյանքի ճանապարհ» անունը ոչ միայն այն պարզ պատճառով, որ այդ ճանապարհը Հայաստանը կապում է Արցախի հետ, այլ՝ պարզապես, այդ ուղիով լուծվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ:
— Այս ճանապարհին, որպես այլընտրանք, առաջարկվելու է նոր ճանապարհ, ինչի շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմն ակտիվորեն իրականացնում է: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում:
— Այդ ճանապարհի կառուցումը որը դեռեւս քննարկվում է, կարող է լուրջ սպառնալիքներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար՝ այն պարզ պատճառով, որ անմիջականորեն առնչվելու է մասնավորապես՝ Սյունիքի մարզի հետ: Ստեղծված իրավիճակից կարող ենք ենթադրություններ անել, որ վստահաբար Գորիսի շրջակայքով կտեղակայվեն ադրբեջանական ռազմական ուժեր: Այսինքն՝ այդ ճանապարհահատվածում անմիջապես լինելու է թշնամու ազդեցությունը: Ստացվում է, որ ոչ միայն գյուղերը դառնում են սահմանամերձ, այլեւ անմիջապես դիտարկման տակ են հայտնվում թշնամու ուժերի կողմից:
— Ձեր գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի լուծումը ինչպիսի՞ ձեւաչափում փնտրել եւ ո՞րը կարող է լինել:
— Պետք է հնարավորությունը բաց չթողնել եւ վերակենդանացնել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, քանի որ սա այն հարթակն է, որի շրջանակում կա կոնսենսուս` երեք հիմնարար սկզբունքների հարցում, որոնցից մեկն էլ ազգերի ինքնորոշման իրավունքն է: Սա այն սկզբունքն է, որը բխում է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շահերից: Չենք կարող նաեւ ստվերել Արցախի կարգավիճակի հարցը: Կարծես թե, դուրս է մնացել կարեւորագույն օրակարգային խնդիրներից, թե ինչ կարգավիճակ է ստանալու Արցախը, ում կազմում է լինելու եւ ինչպես է լինելու:
— Դուք հղում եք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, որի վերաբերյալ Ռուսաստանն ասում է, որ մյուս երկու համանախագահները հրաժարվում են իրենց հետ աշխատել այս ձեւաչափում, իսկ Ադրբեջանն առհասարակ հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այլեւս գոյություն չունի: Հետեւապես, հաջողվելո՞ւ է «հոգեդարձ» անել այս ձեւաչափին:
— Բազմիցս հորդորել ենք, որ այս գործող հարթակը, որը կարող է փոքրիշատե մեզ նպատակահարմար արդյունքներ բերել, մի՛ քնեցրեք: Մինչդեռ այսօր հերթական կորստված հնարավորության ականատեսն ենք եւ, ցավոք, այդպիսի օրինակները բազմաթիվ են: Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ սկսել երկկողմանի բանակցային գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ պետությունների հետ:
— Ամեն կողմից գուժում են, որ հուլիսի 1–ը կարող է ճակատագրական լինել Բերձորի եւ Աղավնոյի համար: Այն, ինչ չի անում իշխանությունը, արդեն պարզ է, իսկ ի՞նչ կարելի է ակնկալել ընդդիմությունից, որը հուլիսի 1–ին նոր պատրաստվում է եւս մի հանրահավաք անել:
— Առաջարկում եմ բոլորս էլ իրատեսական լինենք: Իհարկե, այս փուլում շատ բաներ այլեւս փոխել հնարավոր չէ, քանի որ չունենք բանակի, արտաքին քաղաքականության, տնտեսական սոցիալական լուծված խնդիրների ծաղկաբույլը: Ի դեպ, հաջորդ իշխանությունների համար էլ իրապես շատ բարդ է լինելու լուծել այդ խնդիրները: Այնպես որ, քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, վերամբարձ խոստումներ տալը պոպուլիստական կլինի: Բացի այդ, այստեղ կա երկու շատ կարեւոր կոմպոնենտ. մենք չգիտենք, թե ինչ է բանակցվում, որպեսզի խոստանան, թե ինչ կլինի կամ չի լինի: Տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ չունենք իրական պատկեր: Այս առումով չգիտեմ, թե ինչ կկարողանանք հետ բերել, բայց գոնե կկարողանանք կասեցնել այն անիվը, որը, անխնա, ձնագնդի էֆեկտով մեծանալով, ոչնչացնում է ճանապարհին ամեն ինչ: Օրինակ` Լաչինի հետ կապված ինչն է մեզ խանգարում, որպեսզի հենց այսօր կազմվեր միջազգային լրատվական գործունեություն իրականացնողների խումբ, կհրավիրվեին BBC–ից, «Նյու Յորք Թայմսից» եւ աշխարհառչակ այլ լրատվականներից ներկայացուցիչների, ովքեր կգնային եւ հենց տեղում կփաստագրեին այն ամբողջ պատմշակութային ժառանգությունը, որն այս պահին առկա է այնտեղ: Ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի կարողանանք այդ ամբողջը վավերագրել, դուրս հանել այնտեղից խաչքարերը, որպեսզի մշակութային վանդալիզմի չենթարկվի: Չէ որ այն ամենը, ինչ հիմա կկարողանանք վավերագրել եւ փաստագրել հետագայում կարող է ապացույց լինել՝ մեր իրավացիությունը փաստելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ