Փաշինյանն անում էր այն, ինչը պետք է անի թուրքական, ադրբեջանական դիվանագետը. Մինասյան
Ներքաղաքական
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` պետք է արձանագրենք, որ մեր պետությունը, ժողովուրդը օրհասական վիճակում է, որովհետեւ գտնվում ենք մի իշխանության ենթակայության տակ, որն ըստ էության իրականացնում է թուրք–ադրբեջանական ծրագիրը:
— Դրա մասին վաղուց է խոսվում, եւ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի ասուլիսի տնազը դրա հերթական ապացույցն էր: Նա հետեւողականորեն փորձում է ժողովրդին համոզել, որ այն, ինչ տեղի ունեցավ, օրինաչափ էր եւ բխում էր իրավիճակի ու նախորդ զարգացումների տրամաբանությունից: Սա բացարձակ սուտ է: Բայց ինքը գիտի Օվերտոնի պատուհանի սկզբունքը: Ինքն իր տեխնոլոգիայի համաձայն` ասում–ասում է, հետո` նորից է ասում, կրկին վերադառնում է այդ մտքին, ու ժողովուրդը սովորում է դրան: Մենք չպետք է դադարենք բացահայտել իր սուտը եւ ասել, որ դու ստում ես միտումնավոր, որովհետեւ չես կարող ժողովրդի երեսին նայել ու ասել` ես թուրք-ադրբեջանական լրտես եմ եւ եկել եմ քանդելու այն պետությունը, որը 30 տարի շարունակ կառուցվել է, ունեցել է մեծագույն հաջողություններ, եւ այդ հաջողությունները կործանվելու են իմ նման թուրք-ադրբեջանական վարձու գործակալի կողմից: Նա ասուլիսի ժամանակի ճնշող մեծամասնությունը տրամադրեց նրան, որպեսզի ապացուցի, որ ստացել է վատ ժառանգություն: Բերում էր իր խոսքերով` փաստեր, դիվանագիտական անհաջողությունների պատմություն, որոնք բացարձակ սուտ են: Ամենատարրական գիտելիքներ ունեցողը գիտի, որ դիվանագիտությունը քո դիրքերի ամրապնդումն է եւ հակառակորդի դիրքերի թուլացումը: Եվ այստեղ հաղթում է այն կողմը, որը կարողանում է բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով` իր դիրքը ամրապնդել: Սա հազարամյակների պատմություն ունեցող տեխնոլոգիա է: Ի՞նչ էր անում վարչապետի աթոռը զավթած այդ անձնավորությունը: Նա, ըստ էության, անում էր հենց այն, ինչը պետք է անի թուրքական, ադրբեջանական դիվանագետը: Այդ գործը ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկը չի կարողացել իրականացնել: Անգամ, կարծում եմ, Մամեդյարովը, Բայրամովը կամ, նույնիսկ` Ալիեւը: Ինքը պրոքսի ադրբեջանական իշխանությունների գործակալ է եւ ասում էր այնպիսի ստեր, որ նույնիսկ Ալիեւը չի ասում: Այստեղ մոտենում ենք մի կարեւոր հարցի` արդյոք միայն իր ճակատագրով հետաքրքրված լինելն է, որ իրեն ստիպում է դառնալ ադրբեջանական դիվանագիտության խոսնակը: Կարծում եմ` ոչ: Առավել քան համոզված եմ, որ կա կոմպրոմատ, եւ այդ կոմպրոմատի ազդեցության տակ է, որ նա ավելի ու ավելի հակահայկական եւ պրոադրբեջանական դիրքորոշում է ցուցաբերում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ