«Հոգնել եմ անորոշությունից».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ
Մշակութային
Ադրբեջանն ունի երեք գորգերի թանգարան: Որքա՞ն գորգերի թանգարան ունենք մենք: Ադրբեջանական մամուլում արդեն անդրադառնում են, թե իբր Շուշիից փրկված եւ Երեւան բերված գորգերը իրենցն են: Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները, որ հակադարձեն հնչած մեղադրանքին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:
– Մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլում անդրադարձ է եղել, թե Դուք գողացել եք իրենց գորգերը եւ Ձեր վարորդի հետ բերել Հայաստան: Ի՞նչ կասեք այս մասին:
–Սա հերթական աբսուրդային մեղադրանքն է: Իրենց գործելաոճը մնում է նույնը՝ պարբերաբար սուտ քարոզչություն, որը կբերի իր պտուղները: Այդ ամենը կարելի է հասկանալ, քանի որ Ադրբեջանը նորաստեղծ պետություն է, որն ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն: Լինելով նորաստեղծ ազգ` իրենց պետք են մշակութային հիմքեր, որոնք իրենք յուրացնում են ոչ միայն հայերից, այլ՝ Հարավային Կովկասի բոլոր նստակյաց ժողովուրդներից: Էլ չեմ ասում, որ յուրացնում են Իրանի մշակույթը: Հիմա մեր առջեւ խնդիր է ծագում՝ մենք որպես ազգ, պատրա՞ստ ենք հայկական գորգարվեստը նվիրել ադրբեջանցիներին, թե՝ ոչ: Եթե՝ ոչ, ուրեմն` պետք է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել:
–Պարոն Ասծատրյան, կներկայացնե՞ք, թե որն է իրականությունը՝ Շուշիի գորգերի թանգարանի հետ կապված:
– 70 տարի անց` 1992 թվականից Շուշին կրկին հայկական դարձավ, եւ Շուշիի գորգերի թանգարանը հիմնադրվեց 2011 թվականին: Այնպես որ, ոչ մի կերպ չի կարող այդ գորգերն իրենցը լինել: Վերջիվերջո, այդ բոլոր նմուշները ես եմ ձեռք բերել արցախյան հայկական գյուղերից, հայ ընտանիքներից: Մեր թանգարանի յուրահատկությունն այն է, որ մեր գրեթե բոլոր գորգերի նմուշները ձեռք են բերվել բնօրրաներից: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին, թե իբր մենք գողացել ենք իրենց գորգերը: ՅՈՒՆԵՍԿՕ–ն իրենց հարցադրում է արել` ասելով, եթե գորգերի թանգարանը ձերն է, կարո՞ղ եք ներկայացնել համապատասխան գույքագրման փաստաթղթերն ու լուսանկարները՝ որպես ապացույց: Նրանք, իհարկե, չկարողացան այդ ամենն անել: Դրա հետ միասին՝ անցած տարի հունիս ամսին, միջազգային իրավաբանների խմբի հետ արձանագրեցինք մեր ֆոնդի այն արժեքավոր նմուշները, որոնք չենք կարողացել Շուշիից տարհանել, որը թալանվել է ադրբեջանական բանակի կողմից, եւ որի համապատասխան տեսահոլովակը առկա է համացանցում: Եվ այդ ամենը հակընդդեմ հայցով ներկայացրինք համապատասխան միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի դեմ:
– Ունենք Մարդու իրավունքների պաշտպան Ացախում, ՀՀ–ում: Ինչո՞ւ չեն հակադարձում:
– Ես արդեն հոգնել եմ այդ ամեն ինչից: Այնպիսի տպավորություն է, որ պատերի հետ եմ առնչվում…
– Թուրքերն ունեն երեք գորգերի թանգարան, բայց դուք գորգերով եկաք Հայասատան ու կանգնեցիք շատ դժվարությունների առջեւ: Իսկ հիմա գոնե այդ հարցի լուծման հույս կա՞:
– Խոսակցական մակարդակի վրա է: Լուծման հույս, իհարկե, ունեմ՝ Շուշիի գորգերի թանգարանը հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է, եւ հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաջ գիտակցում են այդ հանգամանքը:
–Այդքան անճա՞ր վիճակում է գտնվում մեր ԿԳՄՍ նախարարության բյուջեն, որ չեն կարողանում տրամադրել տարածք՝ Շուշիի ազգային արժեքը ներկայացնելու համար, թե՞ այս ամենի կարեւորությունը չեն գիտակցում՝ այն էլ այս ադրբեջանական մեղադրանքների ֆոնին:
– «Իրավունք TV»–ի տաղավարում 2022թ. փետրվարին հարցազրույց տալուց հետո, մեծ աղմուկ բարձրացավ: ԿԳՄՍ–ից ինձ ասացին, ԱԳՆ–ի նախկին շենքում տարածք կտան: Տարան տեղը ցույց տվեցին, եկանք համաձայնության, բայց ինչ–ինչ պատճառներով չստացվեց: Դրանից հետո ասացին՝ Հայաստանի պատմության թանգարանում մինչեւ 2022թ. հունիսի վերջ կբացվի: Հիմա այս առաջարկի առումով ինձ ասացին, որ ի պահ հանձնեմ Պատմության թանգարանին, իսկ ցուցադրությունը կլինի աշնանը:
-Բայց Դուք չէ՞ որ անձնական խնդրանքով չեք դիմում, այլ գորգերի համար եք տարածք խնդրում, որտեղ բոլորը կայցելեն ու կտեսնեն մեր գորգերը:
– Իհարկե, ինձ համար առաջնային խնդիրն այն է, որ գորգերի թանգարանը գործի Հայաստանում եւ ներկայացնի հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը, ինչպես որ անում էր Շուշիում , ինչն օրենքով է կարգավորվում, եւ մշակույթի գծով համապատասխան մարմինը պետական քաղաքականությունը պետք է իրականացնի:Շուշիի գորգերի թանգարանը գործում էր «Շուշիի արվեստի կենտրոն» հիմնադրամի ներքո՝ ըստ համապատասխան պայմանագրի: Արցախի օրենսդրությամբ թանգարանների մասին օրենքի մեջ մշակված չէին համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, ինչի պատճառով այս թանգարանը Շուշիում 10 տարի գործում էր պետական–մասնավոր համագործակցություն կարգավիճակում: 2014 թվականին ես մտադիր էի այդ ամենը Արցախի կառավարությանը նվիրեմ, բայց չնվիրեցի՝ ինձ համար պարզ պատճառներով... Փաստորեն, ճիշտ դուրս եկա: Եթե նվիրեի, դա էլ թուրքերին կմնար՝ ինչպես պրոֆեսոր Գաբրիելյանցի միներալների հավաքածուն, որը նա նվիրեց պետությանը, ստեղծվեց քարերի թանգարան, ու հետո այդ ամենը մնաց թշնամուն:
–Ժամանակին ԱԺ ամբիոնից իշխանությունն ասում էր, թե Շուշին դժբախտ ու դժգույն էր: Միգուցե Շուշիի գորգերն է՞լ են համարում դժբախտ ու դժգույն, որ այսպիսի վերաբերմունքի են արժանացում:
–Գիտեք, ես ոչինչ չեմ կարող ասել, միայն արձանագրում եմ փաստերը, որ տարիուկես է, ինչ Շուշիից փրկված, բերված գորգերի հարցը Հայաստանում վերջնական լուծում չի ստանում: Մնացածի եզրակացությունը թող անի մեր ժողովուրդը…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ