Կմեկնարկի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը
ՀասարակությունՆ․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ՝ այս տարվա հուլիսի 6-10-ը հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից, ինչպես նաեւ՝ թեմակալ առաջնորդներ եւ հոգեւորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։ Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։
Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական եւ այլ սրբավայրեր։ Երիտասարդները կայցելեն նաեւ Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո եւ վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
Այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) եւ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները: