Հաստիքային միավոր սահմանված չէ. Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Գյումրու ՔԿԱԳ-ի աշխատակիցներին 6 ամիս աշխատավարձ չփոխանցելու վերաբերյալ
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմի՝ շուրջ 6 ամիս աշխատավարձ չստանալու փաստը։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.
«Ի պատասխան՝ Գյումրու ՔԿԱԳ-ի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության՝ հայտնում ենք հետևյալը․
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշմամբ հաստատվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնող սպասարկման կենտրոնների ցանկը, նստավայրերը և հաստիքային միավորները /77 հաստիքային միավոր, որից 11 մասնագետը՝ բարձր լեռնային վայրերում/: Նշված որոշմամբ Գյումրի քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնողների համար հաստիքային միավոր սահմանված չէ։
Վերը նշված որոշմամբ, Գյումրու հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատակիցներին վարձատրություն ապահովելու համար փոխանցում չի իրականացվել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 1-ից Գյումրու հանրային ծառայության միասնական գրասենյակի թվով 4 աշխատակիցներ ներգրավվել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում որպես փորձագետներ և վերջիններիս վարձատրությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով»: