Հաստատվեց, որ 2021-ի հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն. Վարդեւանյան
ՆերքաղաքականԲարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն հրապարակեց, որում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նրան է փոխանցում ոմն մեկի պահանջը` հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Ընդ որում` իր ձեւակերպումներում Գ. Ջհանգիրյանն օգտագործում է փողոցային բառապաշար ու հայհոյանքներ, որոնցից ամենամեղմը, որը կարելի է հրապարակել, այն էր, թե իր «վզին դրել են», որ գործը գլուխ բերի: Ըստ Ռուբեն Վարդազարյանի` ինքը դրանից հետո մոտ 1.5 ամիս դեռեւս շարունակել է պաշտոնավարել, որից հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, եւ լիազորությունները կասեցվել են: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆՆ արձանագրեց, որ այն չնչին հույսերը, որոնք առհասարակ մեր հայրենակիցներից ոմանք կարող էին ունենալ, որ դատական համակարգը գործող է, արդար է, այսօր այդ բոլորը հույսերը ոչնչացվեցին:
– Ուզում եմ նախ մի շատ նուրբ հարցի անդրադառնալ` ես իմ երիտասարդ հասակում հասցրել եմ, որպես դասախոս, մուտք գործել լսարաններ: Ես գիտեմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քանիցս մուտք է գործել Երեւանի պետական համալսարան, կան իրավաբանական ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ, որոնք իրեն տեսել են` որպես դասախոսի: Հիմա ինքը պատկերացնո՞ւմ է, թե նույն իր ուսանողները, նախկին ուսանողները ինչ պատկերացում են կազմելու իրավաբան–գիտնականի կերպարի վերաբերյալ: Դուք այդ բառամթերքը լսե՞լ եք, թե ինչպես է արտահայտվում ԲԴԽ-ի մասին: Մի կառույցի, որտեղ ինքը` որպես իրավաբան–գիտնական, ընտրվել էր: Սա մի ամբողջ իրավաբանական մասնագիտական համայնքի համար այնպիսի մեծ հարված է, որ չգիտեմ նույնիսկ ինչ բառեր գտնել: Եվ սա իրավաբան–գիտնական, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարո՞ղն է: Երկրորդ արձանագրումն այն է, որ այդ ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20–ի ընտրությունները զրո աստիճանի լեգիտիմություն ունեն: Նայեք Գագիկ Ջհանգիրյանի ընտրության ժամանակացույցը, երբ նա ընտրվեց ԱԺ-ի կողմից եւ դրանից հետո սկսվեց նախընտրական շրջանը: Նա այս ձայնագրության մեջ ասում է, թե իր «վզին դրել են», որ այդ գործը պետք է անի: Գործն էլ այն է, որ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն չգան իշխանության:
– Ի՞նչ հետեւանքներ է ունենալու այս աղմկահարույց ձայնագրության հրապարակումն անձամբ Գագիկ Ջհանգիրյանի համար:
– Նա րոպե շուտ պետք է հեռանա իր պաշտնոից: Ի սկզբանե էլ լեգիտիմ չի եղել այդ պաշտոնում, ինչպես գիտեք, սահմանադրականության խնդիր կար, բայց ՍԴ–ն էլ, ավաղ, շատ դաժան ձեւով սպառեց իրեն: Ինչեւէ, Ջհանգիրյանը չի կարող այլեւս պաշտոնավարել: Այո՜, իր նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցվի, բայց, կներեք, այստեղ էլ ես մի հարցադրում բարձրացնեմ` դուք պատկերացնո՞ւմ եք, թե ո՞ր իրավապահ համակարգը քրեական հետապնդում կհարուցի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այն իրավապահ համակա՞րգը, որին բառացի ասում է, որ այն երկրորդ–երրորդ գործերին «գարանտ» է կանգնում, որ ընթացք չեն ստանա: Ինձ մոտ գարշանքի զգացում է առաջացել այդ ձայնագրությունը լսելուց: Ի դեպ, հիշո՞ւմ եք նախընտրական շրջանը, ընտրությունները, հետընտրական շրջանը, թե ինչպես ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալվում էր Արմեն Չարչյանը, եւ որոշում կայացնելուց դատավորը ժամերով անհետացել էր: Կամ նույն ՍԴ–ում քննությունն արդյունք չէր տալիս, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանը խոստացել էր` ինքը գործ ուներ անելու եւ շատ կոնկրետ: Նաեւ ուզում եմ դիմել ԵՄ դեսպան սիրելի տիկին Անդրեա Վիկտորինին եւ ԱՄՆ դեսպան Թրեյսիին` դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք նստում եւ դատական բարեփոխումներից խոսում: Սա է այսօրվա դատական բարեփոխումների երեսը: Բայց խայտառակությունն էլ սահման ունի` Գագիկ Ջհանգիրյանը չի կարող այլեւս պաշտոնավարել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ