Անակնկալ ամուսնության առաջարկ՝ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի բեմում
ՏեսանյութերԱնակնկալ ամուսնության առաջարկություն՝ «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի բեմում: Մրցույթի ժամանակ, երբ հաղորդավարներ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ու ՌԴ վաստակավոր արտիստ Եկատերինա Գուսեւան ներկայացնում էին, թե մրցույթի մասնակիցներից, ով ինչ անվանակարգին է արժանացել, հանկարծ բեմում հայտնվեց մի հայ երիտասարդ՝ վարդերի շքեղ բուկետով:
Արթուր անունով երիտասարդը հայտարարեց, որ սիրում է մրցույթին Հայաստանը ներկայացնող Սեդա Սարգսյանին եւ ուզում է, որ ողջ աշխարհն իմանա այդ մասին:
«Սեդ, ես քեզ շատ եմ սիրում, կամուսնանա՞ս ինձ հետ»,- ծնկի գալով իր սիրելիի առաջ՝ հարցրեց Արթուրն ու ստացավ հուզված Սեդայի պատասխանը. «Այո՜»: Իսկ դահլիճը ծափերով ողջունեց գեղեցիկ զույգին՝ պահանջելով. «Горька, горька»:
Նշենք, որ Մարզահամերգային համալիրում կայացած «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթին մասնակցում էին 23 մասնակից՝ տարբեր երկրներից, որոնցից լավագույնին ընտրեց պրոֆեսիոնալ ժյուրին: Այս տարի գլխավոր մրցանակը բաժին հասավ Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհուն, թեպետ Ավետ Բարսեղյանն ընդգծեց, որ իրականում այս մրցույթի ամենամեծ մրցանակը հենց Սեդայինն էր, ով ամենաերջանիկն էր մասնակիցների շարքում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ: