Ժողովրդին պարզապես խաբել են. Լարիսա Ալավերդյան
ՆերքաղաքականՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ գնահատմամբ` նրանք, ովքեր այսօր դուրս են գալիս փողոց` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դուրս են գալիս` հայերի արժանապատվության համար պայքարի:
– Պատկերացրեք, որ այս բողոքը չլինի: Այսինքն` բոլորը համաձա՞յն են ազգային այս ստորացմանը: Նախեւառաջ անդրադառնամ նրան, թե սրանք ինչպես են եկել իշխանության: Ժողովուրդն այդտեղ չի խաղացել գլխավոր դերը: Նա ուղղակի դիզայնն է եղել: Ժողովրդին պարզապես խաբել են: Եվ այս առումով դրսի այն բոլոր կենտրոնները, որոնք մտածել եւ իրականացրել են այս սցենարը Հայաստանում` նրանք այսօր հենց այն հենարանն են, որի վրա հիմնվում է քաղաքացի Փաշինյանը: Պետք է հստակեցնենք` նա ոչ եկել էր ժողովրդի ձայնով, ոչ էլ նա պատրաստ է գնալ:
– Իսկ ինչո՞ւ հիմա պատրաստ չէ լքել վարչապետի աթոռը:
– Որովհետեւ ունի այլ պարտավորություններ` այլ կենտրոնների առջեւ: Նրա արտահայտությունն էր, որ «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», իրականում Հայաստանը վարչապետ չունի: Հայաստանն ունի դրածո, որն իրականացնում է դրսերից հրամայած բոլոր այն քայլերը, որոնք տանում են Հայաստանը եւ հայ ժողովրդին դեպի կործանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ