Կամո Ունանյանը կվիրահատվի՝ Եվրոպայի առաջնությունից մի քանի օր անց
ՍպորտՀունիսի 10-12-ը Խորվաթիայիում տեղի կունենա օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 34 երկիր, որտեղ Հայաստանը կներկայացնի սպորտային կարատեի Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Կամոն Խորվաթիա կմեկնի հունիսի 8-ին, մինչ այդ անդադար շարունակելով մարզումները․ «Գնում եմ միայն հաղթանակի հետեւից, իսկ իմ հաղթանակը՝ Ոսկե մեդալն է։ Ոչ մի խնդիր, անգամ առողջական, չի կարող ինձ ստիպել, որ մտածեմ առաջնությունում արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու մասին, դա իմ համար ձախողում կլինի», - մեզ հետ զրույցում պնդեց Ունանյանը։
Ի դեպ, տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածքի պատճառով Կամոն հաճախակի է մեջքի շրջանում ցավեր ունենում, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։ Բայց պրոֆեսիոնալ մարզիկին այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի պատշաճ կերպով մարզվի ու պատրաստվի հաղթանակին:
«Որքան էլ ցավերն ինձ անհանգստացնեն, մեկ է, մասնակցելու եմ ու հաղթանակով վերադառնամ Հայաստան»,- համառորեն շեշտեց կարատեի Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը։
Այնուամենայնիվ,առաջանությունից մի քանի օր անց Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի:
«Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- հույս հայտնեց Կամո Ունանյանը, ով վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։