Ֆիլմ` երեք անսովոր մարդկանց մասին
ՄշակութայինՄայիսի 27-ին Կինոգործիչների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ «Քամանչան, փափլիկ այան ու տիկնիկները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ֆիլմի արվեստի ասպետ եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ռեժիսոր ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
– Պարոն Հակոբյան, ֆիլմի մտահղացումն ինչպե՞ս եղավ:
– Ֆիլմը երեք անսովոր մարդկանց մասին է, որոնք առանձին էին գործում, իսկ ես կարողացա իրենց ընկերացնել, եւ նրանք միասին սկսեցին անել իրենց բարեգործությունը: Իրենք հեքիաթում ապրող մարդիկ են եւ մարդկանց հեքիաթ են նվիրում:
– Եկեք խոսենք կերպարներից:
– Ֆիլմում քամանչահարն է, Արցախի այան եւ տիկնիկավարը: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար անսովոր է իրենց վարվելակերպով, ապրելաձեւով: Այայի կերպարում ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանն է, քամանչահարըª Գուսանական երաժշտական պետական անսամբլի քամանչահար Աշոտ Վարդանյանն է, որը նաեւ ստեղծագործում է: Տիկնիկավարը` Գեղամ Գուլիկյանն է, որը մասնագիտությամբ գեղանկարիչ է, բայց նաեւ տիկնիկներ է պատրաստում, տիկնիկներ է խաղացնում: Նա նաեւ տիկնիկավար է:
– Նկարահանել եք մինչ 44-օրյա պատերազմը: Ինչո՞ւ որոշեցիք մեկնել Արցախ:
– Քանի որ այա ասվածը Ղարաբաղի պերսոնաժ է, ով նվերներ է տալիս նորապսակներին եւ զարդարում է հանդիսությունը: Ինձ պետք էր, որ այան գործեր Ղարաբաղում` իր օրրանում, որովհետեւ այնտեղ շատ լավ հասկանում են այայի նշանակությունը:
– Ֆիլմը շարունակություն ունենալո՞ւ է:
– Չեմ կարծում, ինքն արդեն ամփոփ պատմություն է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ