Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, թեմի առաջնորդը եւ ԱԺ պատգամավորներ
Ներքաղաքական«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ, Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը եւ ընտանիքի անդամներն Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով աջակցության նամակներ եւ հայտարարություններ են ստացել նաեւ Արցախի Հանրապետությունից, որտեղ Ավետիք Չալաբյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ կրթական, մշակութային, տնտեսության եւ բանակի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Մասնավորապես, իրենց աջակցությունն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներ։
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որեւէ արժանահավատ ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված եւ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման եւ քաղաքական պատվերի դրսեւորում է նաեւ այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որեւէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է եւ այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»: