ԱԺԲ-ի «տեղեկությունը», պարզապես, հեքիաթի ժանրից է. Մետաքսե Հակոբյան
Ներքաղաքական44-օրյա պատերազմին «պիկապներ» չգնելու պատճառաբանությամբ այդպես էլ Արցախ չհասած ծռականները, որոնք ներկայանում են` որպես «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», սոցցանցերում եւ մամուլում տիրաժավորում են տեղեկություն, թե իբր Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ` հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ: Նրանք պնդում են, թե հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում: Ընդ որում` այդ ՀԷԿ-երից երկուսը պատկանում են ՀՅԴ-ականներ Լեւոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին, երրորդը` Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, սակայն գրանցված է նրա մերձավոր ազգականի անունով: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: Նրա գնահատմամբ` ԱԺԲ-ի «տեղեկությունը», պարզապես, հեքիաթի ժանրից է, որը նույնիսկ հերքելն է ավելորդ:
– ԱԺԲ-ի համար այս աշխարհում միակ թշնամին Վիտալի Բալասանյա՞նն է: Ժամանակին ավտոերթ էին ուզում Արցախում անել, չհաջողեցին ու մինչեւ հիմա վրե՞ժ են լուծում հենց արցախցուց: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախում ինչ-որ մեկը նման քայլի կդիմեր: Եվ ընդհանրապես սա նույնն է, որ Ալիեւի ասածները փորձես հերքել: Նման հայտարարություններ անողները Նիկոլից էլ վատն են, որոնք փորձում են փրկել նրան եւ մարդկանց մեջ տրամադրություններ հրահրել, թե իբր «ղարաբաղցիներն են ծախել Արցախը»: Որեւէ մեկը տեսե՞լ է Վիտալի Բալասանյանի աչքերը, երբ հուշատախտակների վրա իր դիվիզիայի զոհվածների նկարներին է նայում... Լավ, սրանք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ