Մենք սկիզբ ենք դնելու ոչ միայն Արցախի կորստի վերջնական գործընթացին, այլև ցեղասպանության ենք բերելու
Ներքաղաքական
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջերս ներկայացրեց Հայաստանի կողմից ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկությունների ներկայացված 6 կետերը։
Մասնավորապես, նա նշել է, որ հայկական կողմն իր պատասխան նամակում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի: Մյուս կետով հայկական կողմը նշել է, որ Հայաստանի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատություների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման հարցերը: Ներկայացնելով հաջորդ կետը, Մարուքյանը նշել է. «Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, որի մեջ շեշտվում է գերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը: Այսինքն՝ այս մասով մենք շարունակում ենք առաջ տանել մեր ստանձնած պարտավորությունները»: Հայկական կողմը, ըստ Մարուքյանի, իր պատասխան առաջարկություններով պատրաստակամություն է հայտնել սկսել խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այս թեմայի մասին Iravunk.com-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով Մարուքյանի ներկայացծար վեց կետերին քաղաքագետն ասաց․
«Դրանք ավելի շատ ոչ թե կետեր էին կամ առաջարկություն այլ ավելի շատ համաձայնություն են Ադրբեջանի 5 կետերին։ Թեպետ եթե օբեկտիվ լինենք նաև Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը, ըստ էության, բխում էին միջազգային իրավունքից, դա կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ-ն, քաղաքական և քաղաքացիական դաշնագրերը և այլն։ Բայց այստեղ կա մի բայց․ երբ այնտեղ, ամեն տեղ, կարմիր գծով գրվում էր Ադրբեջանի տարածքային անվտանգություն, դրա տակ Ադրբեջանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ Արցախը մտնում է դրա մեջ և Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Իսկ Հայաստանի Հանրապետությունը երբ ասում է՝ մենք շուտվանից ենք ճանաչել և պահանջներ չունենք փաստացի նաև այս դրույթն է ընդունում։ Որևէ տեղ չի նշվում, որ Արցախը առանձին խնդիր է և կա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր, որը ի դեպ ԵԱՀԿ մինսկի համանախագահողների կողմից սահմանված հիմնարար սկզբունքներից մեկն է։
Երբ Ադրբեջանն ասում է տարածքային ամբողջականություն հասկանում է Արցախը դրա մեջ, երբ մենք դրան առաջարկ ենք տալիս, մենք նույնիսկ խախտում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը և փաստացի ստացվում է, որ մենք էլ ենք համաձայն Ադրբեջանի օրակարգի հետ ինչը ազգային անվտանգության առաջնային և լրջագույն խնդիր է։ Նորմալ է, որ պետք է երկու երկրների տարածքային անվտանգությունը հարգի, բայց այստեղ պարզ երևում է, որ Հայաստանի կողմից սակարկվել է ազգերի ինքնորոշման խնդիրը։
Որքան էլ Ադրբեջանի կողմից երաշխիքներ տրվեն Արցախի բնակիչության անվտանգության համար մենք որևէ ձևով չենք կարող երաշխավորվել և մենք սկիզբ ենք դնելու ոչ միայն Արցախի կորստի վերջնական գործընթացին, այլև ցեղասպանության ենք բերելու, սա ակնհայտ է և սա մեր պատմությունն է ցույց տալիս և քաղաքական գործընթացներն են դրա մասին խոսում»։
Խոսելով ՀԱՊԿ-ի առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին քաղաքագետն ասաց․ «Գիտեք, եթե այդ ելույթը չունենար Նիկոլ Փաշինյանը և եթե այլ ելույթը ունենար մեկ այլ այնպիսի ղեկավար, ով խորապես անհանգստացած է Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ ես կասեի, որ ինչ-որ տեղ այդ ելույթը ճիշտ էր և արդարացված էր այն, որ ՀՀ-ն բարձրաձայնի, որ ՀԱՊԿ-ն օրինակ զենք է վաճառում մեր թշնամի երկրներին։ Բայց ՀՀ իշխանության կողմից մշտապես դիրքորոշումն այնպես է եղել, որ մեր խնդիրը Ռուսաստանի տարածաշրջանից դուրս թողնելն էր և Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս թողնելը, որովհետև մենք միշտ ամեն ինչի մեջ մեղադրել ենք ՀԱՊԿ-ին բայց ոչ երբեք ինքներս մեզ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք էին մուտք գործում, մենք ինքներս չենք գնում մեր սահմանը պահելու և օգնության ենք կանչում ՀԱՊԿ-ին։ Էլ չեմ ասում, որ 2017 թվականին մինչև գունավոր հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի խմբակցության կողմից օրինագիծ էր բերել և շրջանառվում էր այն, որ ՀՀ-ն պետք է դուրս գար և ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Եթե այդ հայտարարությունը հնչեր այլ ղեկավարի կողմից, մենք դա դրական կգնահատեինք քանի որ սայտեղ խնդիրը մեր անվտանգությունն է և մեր պետական շահը։ Ես չեմ կարող ասել թե սրանով ինչ խնդիր է լուծում, բայց այս գործընթացները ի շահ ՀՀ-ի չեն»։
Սոնա Գիշյան