Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու
ՄիջազգայինԵրևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» (չակերտները՝ խմբ.). այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, գրում է aa.com.tr կայքը։
«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները» , իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և «բարի կամք» (չակերտները՝ խմբ.) են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։