Ինչպես անել, որ «ժողովուրդ»-ը կարեւորի մասին մոռանա. իշխանական աճպարարություն
ՆերքաղաքականՀաճախ Հայաստանում մարդիկ իրենք իրենց հարց են տալիս, թե ինչպես ստացվեց, որ մենք այդպես արագ մոռացանք նոյեմբերի 9-ի ողբերգական գիշերը: Այդ ի՞նչ «հրաշք» է, որ Փաշինյանի «երկրպագուներն» ու հենց փաշինյանական կառավարության ներկայացուցիչները գրեթե չեն խոսում դրա մասին: Հարցի հետքերով «Իրավունքն» ուշագրավ փաստեր է արձանագրել, որից կարել է բազմաթիվ հետեւություններ անել:
Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ մարդիկ լցվել էին հրապարակ՝ պահանջելով բացատրություն, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք պատեհ առիթ դարձան իշխանական քարոզչական ապարատին օգտագործել ի շահ իրենց: Այդ մասին եղել են ՔՊ խմբակցության եւ մերձիշխանական մի շարք գործիչների ելույթներ եւ դրանցում գրեթե համատարած բացակայում էր Փաշինյանի ոչ ադեկվատ պահվածքը (խոսքը վրեժ լուծելու, դուխիներ գողանալու հայտնի արտահայտություններին է վերաբերում) բնութագրող կամ քննադատող խոսք: Չկար գեթ մեկ խոսք, որ այդ օրը մեր երկիրը ոչ միայն ունեցավ տարածքների, այլեւ մարդկային թանկ ու անվերադարձ կորուստներ: Մինչդեռ այս մարդիկ միաբերան հայտնում էին, որ այդ օրը Արարատ Միրզոյանին «սպանելու փորձ» կատարելու օրն էր: Սա ոչ միայն ասում էին, այլեւ մամուլով էին «դրոշակ սարքել», թե իրենք իսկապես տուժող կողմ են, որովհետեւ ծրագրված եկել էին «վերացնելու»: Դե, իհարկե, այս ամենը ուղեկցվում էր ձերբակալություններով, ձայնագրություններով: Հիմա մարդկանց մեծ մասին այդ օրվա համար հրամցվել է Միրզոյանի ծեծը, կարծես թե, մնացյալ հարցը երկրորդական է: Հետո, երբ իշխանությունները հաջողեցին այդ հարցում, սկսվեց 20 կամ 30 հազար զինվոր փրկած «փրկիչ Փաշինյանի» քարոզչական ալիքը:
Որպես ենթադրություն՝ վերադառնանք ներկա կացությանը: Տեսեք, մարդիկ դուրս են եկել հրապարակ, կա շատ լուրջ մտահոգություն, Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, կորուստների հակառեկորդ է սահմանում, այսօր քաղաքացին չի կարողանում հստակ պատասխանել, թե իր վաղվա օրը որքանով է ապահ, Ադրբեջանն ակնհայտ Փաշինյանին «մատների վրա է ֆռռացնում է» ու ամեն օր բարդացնում մեր վիճակը: Իսկ զուգահեռ իրականության մեջ հրապարակում գտնվողներին նախկին են ասում, նրանց պիտակավորում են, թե իբր նոր թալանի են սպասում, իշխանական «տեսախցիկով դուխովները» սադրում են մարդկանց, դերասան Գնել Սարգսյանը ձեզ վառ օրինակ: Ու ի՞նչ է իշխանությունն անում, միացնում է նույն սցենարը: Դիտում են ցույցերի անախորժ դեպքերը, «ցցում» դրանք ու դարձնում «մատի փաթաթան», ձեռքի հետ էլ եկեղեցուն ներքաշում այս հարցի մեջ, թե բա դատապարտեք:
Հիմա իշխանական թիմն աշխատում է «պապիկեր ծեծելու» «մարտավարական օպերացիայի» վրա, նրանք բոլորին պետք է ասեն՝ «տեսնո՞ւմ եք ինչ են անում էս նախկինները»: Սա իշխանության քարոզչական թելն է, որտեղ ելույթ ունենան, սա են ասելու ու ճարպկորեն շրջանցելու են, թե որն է եղել այդ հրմշտոցի կամ ծեծի պատճառը: Նիկոլականներն այս կերպ մի քանի հարց են լուծում. արդարացնում են ոստիկանության բռնությունները՝ սկսած հղի կնոջ ողբերգական դեպքից մինչեւ Ալեն Սիմոնյանի մոր ոչ ադեկվատ պահվածքը: Օրինակ, 60-ի մոտ կինը պատշգամբից թքում է մարդկանց վրա ու մատների համապատասխան կոմբինացիայով հայհոյում, սա դատապարտելի չէ, բայցհավկիթներով «զինված» պապիկ հրմշտելն ահավոր մեծ հանցա՞նք է: Այս դեպքերում են ասում, որ, փաստորեն, օրենքը գործում է ընտրովի, բայց քարոզչության այս ձեւն, ուղղակի, զազրելի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ