Ալիեւն աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել. Արմեն Այվազյան
Միջազգային1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ գրում է. «Իլհամ Ալիեւն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով եւ կոչ անելով Ուկրաինային կռվել մինչեւ վերջ (տե՛ս հետեւյալ հղումը՝ 2:32:25 – 2:40:54 https://www.youtube.com/watch?v=azjCGvZIZDE&t=9144s)։
Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ, Ալիեւը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է Արեւմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։ Բայց Ալիեւը սխալ հաշվարկ է կատարել։
Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաեւ, թե ում է նա առավելապես լսում եւ ումից է նա գերազանցապես կախված։ Ալիեւը կանգնում է Արեւմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարեւանն է։ Հետեւանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։
Ֆաշիստ Ալիեւի այսօրվա ելույթը վկայում է նաեւ նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության եւ իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998 թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես եւ անճկուն…, նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան...: Ալիեւը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։
Ալիևի ելույթն արդեն թարգմանաբար ներկայացրել են նաեւ որոշ ռուսաստանյան աղբյուրներ, օրինակ, այստեղ՝ https://t.me/infodeserteur/724»: