«Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով Հայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդ «Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համար Դեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Հնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով


Արտաշես Գեղամյան. Հայաստանը նոր պատերազմի շեմին է

Վերլուծություն

ԱՆՈՏԱՑԻԱ. Հայաստանի դեմ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմը, թուրք-ադրբեջանա-պակիստանյան ռազմական բազեների՝ իրար հաջորդող, թեժ պատերազմի գործողություններին առավելագույնս մոտեցված զորավարժությունները Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջաններում կասկածներ չեն թողնում այն մասին, որ Ադրբեջանը հող է պատրաստում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար։ Եվ այդ պատերազմը նույնքան անխուսափելի է, որքան ավելի համառորեն հավաքական Արևմուտքը կթեժացնի իրադրությունը ռուս-ուկրաինական և բելառուսա-լեհ-լիտվական սահմանին։

Մեր օրերում Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները չեն կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Եվ ցավոք, տագնապներս բնավ անհիմն չեն և խուճապային հռետորաբանություն էլ չեն, որին տրվում են Արևմուտքի հայտնի քաղաքական գործիչները՝ ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2021» զորավարժությունները բնութագրելիս, էլ չեմ ասում այս թեմայով բազմաթիվ խուճապային հրապարակումների մասին արևմտյան առաջատար ԶԼՄ-ներում։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեկ-երկու օրինակ բերեմ։ Այսպես, 2021թ. սեպտեմբերի 14-ին բրիտանական The Times պարբերականը հրապարակեց հոդված «Մեծ Բրիտանիա. Մեր վախը Պուտինից նրան միայն ուժ է տալիս» վերնագրով (putin-today.ru/archives/category/inosmi)։ Հոդվածի անոտացիայում կարդում ենք. «Արևմուտքը չպետք է վախենա ոչ ռուսական զորավարժություններից, ոչ Բելառուսի հետ միության սպառնալիքներից։ Չնայած «Արևմուտք» զորավարժություններն ընդգծում են Ռուսաստանի տագնապալի ռազմական գերազանցությունը ՆԱՏՕ երկրների հանդեպ, նա Արևմուտքի հետ իրական առճակատման ախորժակ չունի»։ Այսպես է կարծում հեղինակը։ Ընթերցողների տրամաբանությունը. ով Ռուսաստանի դեմ չէ մեկնաբանություններում, նա բոտ է!»։ Հետո ավելի հետաքրքիր է։ Süddeutsche Zeitung թերթն իր մեկնաբանությունները «Արևմուտք-2021» զորավարժությունների թեմայով վերնագրել է այսպես. «Արևմուտքը պետք է սպառնա ցավ պատճառող պատժամիջոցներով»։ Դրա հեղինակ Դանիել Բրյոսլերը (Daniel Broessler), մասնավորապես, գրում է. «Ոչ ոք չպետք է վստահ լինի այն բանում, որ Ռուսաստանի նախագահը չի ցանկանում ավարտել 2014թ. սկսածը։ Այն բանից հետո, երբ Ուկրաինան որպես այդպիսին կորավ ռուսաստանյան ազդեցության ոլորտի համար, Վլադիմիր Պուտինը դեռևս հնարավորություն ունի ընդլայնել տարածքային նվաճումները, բարելավել կապը Ղրիմի հետ և խորացնել Ուկրաինայի պառակտումը՝ շնորհիվ Նովոռոսիայի նախագծի վերստեղծման Ուկրաինայի արևելքում»։ Իր հերթին, Frankfurter Allgemeine թերթը իր մեկնաբանությունները վերնագրել է այսպես. «Պուտինը թեստավորում է Բայդենին»։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը նույնպես տրտնջացել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» զորավարժությունների առիթով՝ ընդգծելով. «Իրականությունն այնպիսին է, որ սառը պատերազմի ավարտի պահից Ռուսաստանը ոչ մի անգամ ԵԱՀԿ-ին չի ներգրավել որպես դիտորդ զորավարժություններում։ Ուստի մենք զգոն կլինենք։ Մենք ուշադիր կհետևենք, ինչպես և միշտ, երբ ինչ-որ մեկը նման մասշտաբային մարզումներ է անցկացնում մեր սահմանների մոտ»։

Հաշվի առնելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի այս խոսքերը՝ նրա ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան, թվում էր, թե հակառակ ՆԱՏՕ առաջատար անդամների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հորդորանքների Հարավային Կովկասում լարվածության թուլացման մասին (ինչի մասին բավական բացահայտ արտահայտվել են Հայաստանի Հանրապետությունում այդ երկրների դեսպաններն իրենց վերջերս տված հարցազրույցներում), հետևողականորեն ստեղծում է լարվածության իրադրություն Հարավկովկասյան տարածաշրջանում։ Այսպես, անցած շաբաթ ադրբեջանական (և ոչ միայն) մաս-մեդիաներում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Բաքվում ստեղծվել է թուրքական հրամանատարության հատուկ խումբ, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում։ Կարծում եմ, որ սույն փաստը բավական գունեղ վկայում է Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայացուցչության հետագա պլանների մասին Հարավային Կովկասում իրավիճակը սրելու ուղղությամբ։ Հատկանշական է նաև մեկ այլ փաստ, որ Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բահթիյար Էրսայը, այո, այո, հարգելի ընթերցող, այն նույն գեներալ Էրսայը, որը փաստորեն ղեկավարում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։ Այն նույն գեներալ Էրսայը, որը ղարաբաղյան ռազմական թատերաբեմում իրականացնում էր ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների օպերատիվ հրամանատարությունը, Էրսայը, որի գիտությամբ արտոնվեց ՄԱԿ Կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը ղարաբաղյան պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր)։ Չէ՞ որ կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ Էրսայը և թուրքական զինված ուժերի բարձրաստիճան սպաները ներգրավված են եղել սիրիական վարձկան ահաբեկիչների (որոնք աչքի էին ընկնում առանձնակի դաժանությամբ) հանցավոր գործողությունների ուղղակի հրամանատարության մեջ։ Այո, Հայաստանն ինքը անմիջականորեն չի կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, քանի որ չի ճանաչել Հաագայի ռազմական տրիբունալի իրավազորությունը, բայց փոխարենը կան Հայաստանի բարեկամները, օրինակ՝ հանձինս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների՝ հարգարժան Լին Թրեյսիի և Ջոնաթան Լաքոտի, որոնք, կրկնում եմ, օրերս արտահայտվել են ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց երկրների քաղաքական գծի վերաբերյալ, և որոնք կարող են նախաձեռնել իրենց երկրների դիմումը Հաագայի Միջազգային քրեական դատարան։ Ընդ որում՝ որոշակի խորհրդածությունների տեղիք է տալիս այն փաստը, որ թուրքական ռազմական ներկայացուցչության կազմի մեջ մտել է չորս գեներալ։ Այսպես, վերոնշյալ թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են գեներալ Աբդուլա Գաթըրջըն, գեներալ Էնդեր Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչընը։

Որպեսզի հարգելի ընթերցողների համար հասկանալի լինի, թե ինչու հիշատակեցի Հայաստանում հենց ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին, հիշեցնեմ, որ հենց նրանք են վերջին ժամանակներս քանիցս իրենց հարցազրույցներում, լինի Երևանում, թե հանրապետության մարզերում, բարձրացնում ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հարցը։ Այսպես, Սյունիքի մարզում ս.թ. օգոստոսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ. «Մենք կաշխատենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ջանալով այդ դիրքերից նվազեցնել իրավիճակի լարվածությունը, բացառել միջադեպերը, որպեսզի կարելի լինի դիտարկել մնացած հարցերը, հետպատերազմյան իրավիճակը և մնացած խնդիրների վերջնական կարգավորումը... Դուք շատ լավ գիտեք, որ հուլիսին ես այցելել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվել... Ես ուզում եմ պարզաբանել, որ մենք կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերջ դրվի բռնությանը»։

Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության թեմայի մասին էլ ավելի միանշանակ արտահայտվել է (և ոչ մեկ անգամ) Հայաստանում բարեկամական Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Այսպես, օգոստոսի 23-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ջ.Լաքոտը փաստել է. «Եթե չլինեին ռուսաստանյան զորքերը, Ղարաբաղում հայեր չէին լինի... Եվ ղարաբաղյան հարցը ընդհանուր առմամբ լուծված չէ։ Ուստի մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթաց սկսելու օգտին, որին պետք է ուղեկցեն Մինսկի խմբի համանախագահները... Իրականությունն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Առայժմ կարգավիճակը որոշված չէ։ Քանի դեռ այդ կարգավիճակը չի որոշված, ոչ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ոչ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Իմ գործընկերը Բաքվում Շուշի չի գնում (ի տարբերություն Բելառուսի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Լատվիայի և մի շարք այլ երկրների դեսպանների, բացի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից – Ա.Գ.), ինչպես և ես չեմ գնում Ստեփանակերտ»։

Ընթերցողներին նաև հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021թ. մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Ալիևին Նովրուզի առիթով ուղարկած շնորհավորանքում գրել էր. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք նախկինի պես հավատարիմ ենք կողմերին օգնություն ցուցաբերելուն ղարաբաղյան հակամարտության ամուր, խաղաղ կարգավորման հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտության գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ հանուն բարգավաճման և խաղաղ ապագայի»։

Կարծում եմ, հարգելի ընթերցողը կհամաձայնի ինձ հետ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչերը, որոնք հնչում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ հանձինս ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների, բավական ինքնատիպ պատասխան ռեակցիա են առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա քաղաքական ուղեվար, ՆԱՏՕ անդամ Թուրքիայում։ Այսպես, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, ս.թ. սեպտեմբերի 12-ին եռակողմ ռազմական համագործակցության շրջանակում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը սկսեցին ութօրյա համատեղ զորավարժություններ «Երեք եղբայր-2021» անվանմամբ, որոնք կոչված էին նպաստելու «երեք բանակների միջև առկա կապերի հետագա ամրապնդմանը և նրանց օգնության ցուցաբերմանը՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի նոր միջոցների որոնման մեջ...»։ Պետք է կարծել, որ Ադրբեջանի իշխանությունները զգուշանում են, որ ավելի քան հազար վարձկան ահաբեկիչները (երկու հազարից), որոնք Ադրբեջանի կողմից մասնակցում էին թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից սանձազերծված ղարաբաղյան պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր), որոնք շարունակում են մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում, ապագայում, եթե Ադրբեջանը չենթարկվի իր թուրք ուղղորդողներին, կարող են հանդես գալ ափշերոնյան սուլթան Ալիևի ռեժիմի դեմ։ Քանզի թուրքը թուրք է մնում, անգամ եթե իրեն հայտարարել է Ադրբեջանի եղբայր։

Ցինիկությամբ և անգրագիտությամբ աչքի ընկավ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, որը բացեց «Երեք եղբայր-2021» զորավարժությունները և Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից անվանվեց «հայրենական պատերազմի հերոս» (Բաքվի պաշտոնական անձինք այդպես են անվանում արյունալի սպանդը, որը թուրք-ադրբեջանական հրոսակները սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին)՝ հայտարարելով, որ «երեք երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը, դարեր ի վեր ոչ միայն բարեկամական, այլև եղբայրական երկրներ են»։ Մուալիմ Հիքմեթի ծայրահեղ տգիտության աստիճանը չափն անցնում է, դիցուք. Ադրբեջանը աշխարհի քաղաքական քարտեզին որպես անկախ պետություն հայտնվել է 1918թ. մայիսին, իսկ Պակիստանը՝ 1947թ. օգոստոսին՝ Բրիտանական Հնդկաստանի տարածքի բաժանման արդյունքում։ Ըստ երևույթին, սա բավարար պայման է, որպեսզի «ուսյալ Տարասը», մեր պարագայում՝ գեներալ Հիքմեթը, օգտագործի «դարեր ի վեր» արտահայտությունը։ Հատկանշական է մուալիմ Հիքմեթի խոստովանությունը. իր ելույթում նա ասաց, որ Թուրքիան և Պակիստանը «առաջին իսկ օրվանից աջակցել են Բաքվին 44-օրյա հակահարձակողական գործողությունում, որն սկսեց Ադրբեջանն անցած տարվա սեպտեմբերի 27-ին» (նկատի ունի ղարաբաղյան պատերազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին)։ Այսինքն՝ նա դրանով իսկ փաստեց, որ Թուրքիայից և սիրիական վարձկան ահաբեկիչներից բացի Ադրբեջանի կողմում կռվել են նաև պակիստանյան զինվորականները։

Ընթերցողներին հիշեցնենք, որ մինչև Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» զորավարժությունները ս.թ. սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան, որով անցնում է Երևան-Ստեփանակերտ միջանցքը) տարածքում, որն օկուպացվեց թուրք-ադրբեջանական զինվորականների և սիրիական վարձկան ահաբեկիչների կողմից ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ, մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ մարտական հրաձգությամբ։ Նշենք, որ զորավարժությունների ընթացքում այդ երկրների հատուկ նշանակության խմբերը հետախուզություն վարելու հմտություններ մշակեցին բարդ ռելիեֆով տեղանքում, ճանապարհներին դարանակալումներ կազմակերպեցին, ինչպես նաև վարժվեցին դիվերսանտներ հայտնաբերելու և ոչնչացնելու, աննկատ պայմանական հակառակորդին մոտենալու և այլ հմտությունների մեջ։ Մի խոսքով՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները անթաքույց պատրաստություն էին Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական սադրանք սանձազերծելու, ինչպես նաև ցուցադրություն Հայաստանին (ոչ թե գործող իշխանություններին, նրանց հետ ափշերոնյան սուլթանը խնդիր չունի), նրա զինված ուժերին Լաչինի միջանցքի խիստ խոցելիությունը, որը կյանքի ճանապարհ է Արցախի Հանրապետության համար։ Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է հավաստիացնել, որ մեր օրերում Ադրբեջանն արդեն բացահայտ պատրաստվում է նոր պատերազմի ոչ միայն Արցախի Հանրապետության դեմ, այլև հող է պատրաստում Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու համար։ Հենց Ադրբեջանի ռազմական ագրեսիայի համար համապատասխան տեղեկատվական ֆոն ստեղծելուն են ծառայում նաև Սյունիքի մարզում հանրապետական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի շրջափակման բացահայտ սադրանքները, ինչպես նաև Ադրբեջանի այլ ագրեսիվ գործողությունները (որոնք իրականացվում են Թուրքիայի և Պակիստանի աջակցությամբ), որոնք տեղի ունեցան ադրբեջանա-թուրքական զորավարժությունների և «Երեք եղբայր-2021» զորավարժությունների անցկացման ընթացքում՝ ուղղված լարվածության սրացմանը հայ-ադրբեջանական սահմանին...

Ընթերցողներին հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ուժայինները Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը նրանք վերջերս փակել էին մի քանի օրով, հիմա կանգնեցնում են օտարերկրյա (որպես կանոն՝ իրանական) բեռնատարները, որպեսզի նրանցից գանձեն իրենց իսկ սահմանած տրանսպորտային հարկը և տուրքը։ Ընդ որում՝ ցինիզմն ու ափշերոնյան սուլթանի կողմից պաշտպանվող պետական ավազակությունը հասել են այնտեղ, որ պաշտոնական Բաքուն արդարացում է գտել այս բացահայտ սադրանքին, որը նպատակ ունի ագրեսիայի այդ ակտը փոխանցել թեժ փուլ։ Այդ ագրեսիվ և թշնամական գործողությունների համար պաշտոնական Բաքուն արդարացում է գտել, դիցուք. «Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները Ադրբեջանի տարածք մտնելիս և դուրս գալիս հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաև ճանապարհային տուրքով թույլտվություն ստանալու համար, որը կարգավորում է միջազգային ավտոփոխադրումները Ադրբեջանի տարածքում՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան»։

Եվ ափշերոնյան իշխանությունների՝ բացարձակապես իրավաբանական ակտերով չամրագրված այս արարքը ըստ էության ընդունվեց այնպես, ասես հենց այդպես էլ պետք է լիներ, ներկայացվեց Նիկոլ-հողատուի ելույթում ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի նիստում, երբ պատասխանում էր ընդդիմության պատգամավորի հարցին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության աղաղակող խախտումների փաստերի մասին։ Այսինքն՝ Փաշինյանի օրհնությամբ Ադրբեջանի հորինած արդարացումը կարող է գրանցվել ադրբեջանա-թուրքական ստրատեգների ակտիվում՝ ապագայում Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու ժամանակ։ Ադրբեջանն, ըստ էության, արդեն տարածել է իր իրավազորությունը ինքնիշխան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքի մի մասի վրա, ընդ որում՝ նիկոլփաշինյանական դավաճանական խառնիճաղանջի համաձայնությամբ։ Ըստ էության, տողերիս հեղինակը չի զարմանում իրադարձությունների նման ընթացքից, քանի որ ավելի վաղ իմ տասնյակ հոդվածներում և հարցազրույցներում ես ներկայացրել եմ անվիճելի (անգամ փաշինյանական դավաճանական թայֆայի կողմից) փաստեր, որոնք հաստատում են այն ճշմարտությունը, որ Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI-6) հատուկ ծառայությունները և նրանց թուրք ռազմաքաղաքական կամակատարները, 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելով, այդ հանցագործությունը կատարեցին ոչ միայն ՆԱՏՕ-ական Թուրքիային ու նրա վիլայեթ Ադրբեջանին Արցախը կապալով տալու, այլ նաև առնվազն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքը հանձնելու նպատակով, որը ներառում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի 45 կիլոմետրանոց Մեղրիի տեղամասը։ Դա թույլ կտա թուրք-ադրբեջանական ստրատեգներին, ասել է թե՝ նաև նրանց արտասահմանյան կուրատորներին, իրենց վերահսկողության տակ վերցնել Նախիջևանը Սյունիքի մարզով Հայաստանին և Իրանին սահմանակից Ադրբեջանի շրջանների հետ կապող ճանապարհը։ Աստված մի արասցե, եթե նման բան տեղի ունենա, այդ դեպքում չպետք է կասկածել, որ կիրականանա թուրք նեոօսմանյան սուլթան Էրդողանի՝ պանթուրանիզմի գաղափարը կյանքի կոչելու բաղձալի երազանքը (որը կարող է վերածվել համաշխարհային մասշտաբի ռազմական աղետի), որի ճանապարհին հայկական քրիստոնեական քաղաքակրթական սեպն էր իսլամական աղեղում, որը ձգվում է Ջիբրալթարից Հյուսիսային Աֆրիկայով, Մերձավոր Արևելքով, Ադրբեջանով Միջին Ասիայով մինչև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան (բնակեցված է իսլամադավաններով)։ Կասկածից վեր է, որ հանուն այդ երազանքին հասնելու Էրդողանը, հիմա էլ՝ Պակիստանի հետ միասին, կդրդի Ալիևին պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ։

Նախիջևանի մասին հիշատակելով, հարգելի ընթերցող, չէի կարող չհիշել տողերը ականավոր հայ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել (Ռաֆո) Իսրայելյանի հուզիչ նամակից՝ գրված 1962թ. հուլիսի 20-ին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին. «...Առաջին իսկ ամիսներին Լենինյան ազգային քաղաքականության թեզիսները հանդիսավորապես հռչակվեցին խորհրդային պետության և բոլշևիկյան կուսակցության պատասխանատու ղեկավարների կողմից. արդեն 1920թ. դեկտեմբերի 2-ին Բաքխորհրդի (Բաքվի խորհուրդ՝ իշխանության գերագույն մարմին Բաքվում և Բաքվի տարածաշրջանում – Ա.Գ.) հանդիսավոր նիստում՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առիթով, ընկ. Սերգո Օրջոնիկիձեն մեջբերեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության ղեկավար ընկ. Ն.Նարիմանովի հռչակագիրը Զանգեզուր (ՀՀ Սյունիքի մարզ – Ա.Գ.), Նախիջևան և Լեռնային Ղարաբաղ հայկական մարզերի մասին, մարզեր, որոնք մուսավաթականների հակաժողովրդական կառավարությունը փորձում էր խլել Հայաստանից»։

Շատ բնութագրական է ընկ. Նարիմանովի ելույթը։ Նարիմանովն ասում է. «Վերցրեք դրանք ձեզ։ Վերցրեք այդ հողերը Հայաստանի համար»։ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարը դուրս է գալիս և ասում. «Այդ ահավոր հարցն այլևս գոյություն չունի» (տե՛ս Г. К. Орджоникидзе. Избранные речи и статьи, 1956 г., стр. 139−191 [Գ.Կ. Օրջոնիկիձե, Ելույթների և հոդվածների ընտրանի, 1956թ., էջ 139-191])։ Իսկ ահա և ընկ. Նարիմանովի 1920թ. 2/XII հռչակագիրը Ադրբեջանի Հեղկոմի անունից. «Զանգեզուրի և Նախիջևանի գավառների տարածքները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը։ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրամադրվում է ինքնորոշման լիակատար իրավունք» (ԿՊԱ Հայկ. ԽՍՀ, ֆ. 114. փ. 80. թ. 1։ Առաջին անգամ հրապարակվել է «Կոմունիստ» թերթում 1920թ. դեկտեմբերի 2-ին)։ Իսկ 1920թ. դեկտեմբերի 4-ին Լենինի գլխավորած Խորհրդային պետության Ազգությունների ժողկոմիսարիատը հանդիսավորապես հաստատեց խորհրդային կառավարության անունից. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը ինքնակամ հրաժարվում է վիճելի նահանգներից և հռչակում Խորհրդային Հայաստանին Զանգեզուրը, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին» (տե՛ս И. В. Сталин, Сочинения, том 4, стр. 414 [Ի.Վ. Ստալին, Երկեր, հ. 4, էջ 414])։ Թեմայի վերաբերյալ այս և այլ բավական հետաքրքիր փաստերի հարգելի ընթերցողը կարող է ծանոթանալ՝ կարդալով «Հրաժարվում ենք ճանաչումից. ինչո՞ւ Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը հայտնվեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմում» վերնագրով հոդվածը՝ հրախարակված 2010թ. օգոստոսի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում (yandex.ru/turbo/regnum.ru/S/news/1311709.html)։

Մեջբերումներ չեմ կատարի ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի ռազմաշունչ ելույթներից, որը չի դադարում հոխորտալ թուրք-ադրբեջանական և սիրիական վարձկան ահաբեկիչների հաղթանակի մասին ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր), որը նվաճվել է, ռազմական գործի պրոֆեսիոնալ փորձագետների կարծիքով՝ ափշերոնյան սուլթանի հանցակցի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Վովաևիչի, մեղմ ասած՝ ապաշնորհության, իսկ ըստ իս՝ դավաճանության պատճառով։ Ընդ որում՝ զայրույթ է առաջացնում այն, որ արդեն ավելի քան տասը քրեական գործեր են հարուցվել Հայաստանի հայրենասերների մեղադրանքներով, որոնք վերջին ամիսների ընթացքում ապացույցներով հաստատել են, որ տեղի է ունեցել դավաճանություն ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է, և ամեն բան՝ իր ժամանակին։ Համոզված եմ, որ անխուսափելի է լինելու դատավարությունը հինգ հազար քաջարի հայ զինվորների մահվան մեղավորների համար, նրանց համար, որոնց խղճին են ղարաբաղյան պատերազմում ավելի քան 10 հազար հաշմվածների կոտրված ճակատագրերը, ավելի քան 40 հազար անօթևան մնացած հադրութցիները, շուշեցիները և այլ բնակավայրերի բնակիչները, բնակավայրեր, որոնք օկուպացրել են թուրք-ադրբեջանական հրոսակները։ Եվ կասկածից վեր է, որ իրենց ժողովրդի դեմ այս չարագործության մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Էլ չեմ ասում թշնամուն հանձնած Արցախի տարածքի 75%-ի մասին, տարածք, որի յուրաքանչյուր քառակուսի մետրը ողողված է հարյուր-հազարավոր հայ հայրենասերների արյամբ, ովքեր ընկան 1992-1994թթ. ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմում։

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, բարիք է, որ Նախախնամությունն այս անգամ էլ բարեհաճ գտնվեց Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի հանդեպ, և լավ բանի մասին գրելիք կա։ Այստեղ ցանկանում եմ մեջբերում կատարել «Անջատողական գեներալ». Կոսոբոկովի նշանակումն Արցախում բուռն տարակուսանք է առաջացրել Ադրբեջանում» հոդվածից՝ հրապարակված 2021թ. սեպտեմբերի 10-ին «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում, դիցուք. «Գեներալ Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարի պաշտոնում հիստերիկ ռեակցիա է առաջացրել Ադրբեջանում։ Բաքվի երկյուղների պատճառը Կոսոբոկովի ծառայողական կենսագրությունն է։ Միխայիլ Կոսոբոկովը ծառայել է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր շրջաններում, որտեղ գոյություն ունեն տարածքային պատկանելության խնդիրներ։ Մասնավորապես, գեներալը զբաղեցրել է Ղրիմում ՌԾՈւ փոխհրամանատարի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2015-2017թթ., զբաղեցրել է 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնն Աբխազիայում։ Մինչև վերջերս Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր ՌԴ ԶՈւ 58-րդ համազորային բանակի փոխհրամանատարի պաշտոնը, որը տեղակայվում է ինչպես Հյուսիսային Կովկասում, այնպես էլ Հարավային Օսիայում։ Վերոնշյալ հանգամանքը, հավանաբար, խիստ մտահոգել է ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթին, ընդ որում՝ ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանամետ շրջանակներին... Եթե Ադրբեջանի երկյուղները անհիմն չեն, ապա Կոսոբոկովի նշանակումը կարելի է գնահատել որպես դրական մեսիջ Մոսկվայից Երևանին, որը վկայում է նրա աջակցության մասին արցախցիների վճռականությանը՝ առանձին ապրել նրանց պարտադրվող ադրբեջանական ռեժիմից։ Այն մասին, որ Մոսկվան Արցախն ընկալում է որպես առանձին պետություն, վկայում է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զորամասերի համար սարքավորումներ գնելու՝ վերջերս ներկայացրած հայտը։ Ինչպես արդեն գրել էինք, Բաքվի պահանջով և ադրբեջանական լոբբիի ճնշմամբ հայտը հանվեց պետգնումների կայքից, բայց ՌԴ ՊՆ դիրքորոշումը ընկալվեց միանշանակ» (t.me/bagramyan26/31579)։

Նշենք նաև, որ Ադրբեջանում պակաս հիստերիկ ռեակցիա չառաջացրեց նաև Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենատ Ռուստամ Մուրադովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու մասին։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 10-ին ոչ անհայտ 1NEWS.AZ ինտերնետ-պարբերականը հրապարակեց Ֆարիդա Բաղիրովայի հոդվածը՝ «Ռուստամ Մուրադովը «երկարացրեց» Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գտնվելու ժամկետը։ Մի՞թե նա լիազորված է...» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից, դիցուք. «Ռուստամ Մուրադովը, որը սեպտեմբերի 6-ին ավարտեց իր առաքելությունը որպես Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի (ԽՈւ) հրամանատար, ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ դրական է գնահատում ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը։ Նա նշել է, որ ներկա պահին կյանքը Ղարաբաղում ընթանում է լրիվ ընթացքով, աստիճանաբար լուծվում են խնդրահարույց հարցերը։ «Գնահատում եմ (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը) միայն դրական։ Գնահատական մեզ տալիս է խաղաղ բնակչությունը, այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է լրիվ ընթացքով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացն ընթանում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Ուստի, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Ռ.Մուրադովը։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղի տարածքում կգտնվեն տեղի ունեցած հակամարտությունից հետո հինգ տարվա ընթացքում։ «Առաջին հինգ տարին՝ ըստ երեք պետությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի – Ա.Գ.) ղեկավարների ստորագրած համաձայնագրով։ Հետագայում կընդունվի որոշում ապագայում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի (այնտեղ գտնվելու ժամկետի) երկարացման մասին»,- ասել է նա։ Այնուհետև այդ նույն հոդվածում Ֆարիդա-կըզին իր գրվածքին օբյեկտիվություն հաղորդելու համար փաստում է. «Դրա իրականացման 10 ամսվա ընթացքում այն (խաղաղապահ առաքելությունը – Ա.Գ.) հիշվել է գերազանցապես հումանիտար գործունեությամբ. ռուսաստանցի խաղաղապահները օգնում են Ղարաբաղի հայերին ջրամբարներ կառուցել, բերքը հավաքել, դպրոցական պարագաներ են բաժանում, խմելու ջուր բերում, անգամ ծնունդ են ընդունում (զայրանում է Ֆարիդա-կըզին – Ա.Գ.)։ Բայց Ադրբեջանում լավ են տեսնում խաղաղապահների կողմնապահ վերաբերմունքը կամ թողտվությունն իրենց անմիջական խնդիրների շրջանակում։ Այդպիսի փաստեր կան, և դրանք պատիվ չեն բերում խաղաղապահների կողմից իրենց անմիջական խնդիրները հասկանալու հարցում (ըստ երևույթին, խաղաղապահների կողմից ադրբեջանական դիվերսանտների սադրանքների կասեցումը Շուշիի սահմանին և Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական հրոսակների կողմից օկուպացված այլ տեղամասերում այժմ ադրբեջանական կողմը գնահատում է որպես «թողտվություն» – Ա.Գ.)»։ Սրանով Ֆարիդա-կըզիի տագնապները չեն սահմանափակվում. «Բայց այդ տրամաբանական հարցը (խոսքը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայության երկարացման մասին է – Ա.Գ.) արդարացիորեն կարող են տալ Ադրբեջանում։ Ինչպես հայտնի է, 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում հստակ նշված է. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը՝ 5 տարի, հերթական 5-ամյա շրջանի ավտոմատ երկարացմամբ, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա է Մուրադովն այդքան վստահ հաստատում Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը երկարացնելու մասին։ Մի՞թե նրա լիաազորությունների մեջ մտնում է նման որոշումների կայացմանը մասնակցելը»։

Այս առնչությամբ կցանկանայի ամենայն որոշակիությամբ հայտարարել, որ եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մուտքը ռազմական գործողությունների գոտի թուրք-ադրբեջանական զինված ուժերի և սիրիական վարձկան ահաբեկիչների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի միջև (ՀՀ որոշ ղեկավարների ապաշնորհ, եթե չասենք՝ դավաճանական գործողությունների հետևանքով), անխուսափելի կլիներ ողբերգությունը, երբ հաշված օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը կենթարկվեր ցեղասպանության։ Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, անկասկած, հիանալի տեղեկացված էր այդ մասին։ Անվիճելի է, որ Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, որոշում կայացնելով ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժեր ուղարկել ռազմական գործողությունների գոտի, համակողմանիորեն տեղեկացված լինելով իրավիճակի մասին հակամարտության գոտում, հակառակ ափշերոնյան սուլթանի և թուրք-ադրբեջանական հանցակցի՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, կամքին, խեղդեց պատերազմը։

Գրում եմ այս տողերը և մտաբերում մի պատմություն ոչ վաղ անցյալից։ 2018թ. սկզբին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում ընդունելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, որպես հուշանվեր նրան հանձնեց մեդալ, որի վրա պատկերված էր խաղաղության հրեշտակը, որը խեղդում է պատերազմի հրեշին։ Նշանավոր քահանայապետը, թվում է, կանխազգում ու կանխատեսում էր, որ մեդալը հանձնում է գայթակղող օձին, անկյալ հրեշտակին, այսինքն՝ սատանային։ Հռոմի պապի հրեշտակները չկանգնեցրին գայթակղող օձին Արցախում արյունալի սպանդ սանձազերծելիս, նրան կանգնեցրին խաղաղության հրեշտակի ավետաբերները՝ ռուսաստանցի խաղաղապահները։

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ կցանկանայի անկեղծ երախտագիտության և խորին շնորհակալության խոսքեր ասել գեներալ-լեյտենատ Ռուստամ Մուրադովին, 1960 ռուսաստանցի խաղաղապահ զինվորներից յուրաքանչյուրին, ովքեր գտնվում են իրենց իսկ փրկած Արցախի Հանրապետության տարածքում, և ցանկանալ խաղաղություն նրանց ընտանիքներին, Մեծ Ռուսաստանին, որը հիրավի համարվում է հայ ժողովրդի անվտանգության, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության պահպանման հուսալի երաշխավորը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Հարգելի ընթերցող, ուզում եմ հուսալ, որ դուք չեք կշտամբի ինձ այն բանի համար, որ ցանկանում եմ հոդվածս ավարտել՝ մեջբերելով ինքս ինձ, ավելի ճիշտ՝ մեջբերելով տողեր իմ մեկ այլ՝ 2021թ. օգոստոսի 1-ի հոդվածից՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում «Ռուսաստանը՝ Արցախի Հանրապետության պահպանման երաշխավոր» վերնագրով։ Հավատացեք, սա բնավ քաղաքական սակավամտության կամ նարցիսականության դրսևորում չէ։ Եվ ահա, այդ հոդվածի անոտացիայում գրված է. «Աշխարհում ձևավորվող աշխարհաքաղաքական իրադրությունը խիստ հրատապ է դարձնում ոչ թե միջազգային իրավունքի կոնկրետ սուբյեկտին այս կամ այն տարածքի՝ որպես ազգային պետության, պատկանելության հայտարարման բուն ձևաչափի խնդիրը, այլ, ըստ իս, հոծ բնակվող ազգային կազմավորումների անվտանգ և խաղաղ բարգավաճման պայմանների ստեղծումը՝ ազգային ինքնության լիակատար պահպանմամբ։ Նման անվտանգ ապագա Արցախի Հանրապետության համար ես տեսնում եմ միայն Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո»։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմը, ափշերոնյան սուլթանության չդադարող սադրանքները Հայաստանի պետական սահմանին, թուրք-ադրբեջանա-պակիստանյան ռազմական բազեների՝ իրար հաջորդող զորավարժությունները Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջաններում կասկածներ չեն թողնում այն մասին, որ Ադրբեջանը հող է պատրաստում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար։ Եվ այդ պատերազմը նույնքան անխուսափելի է, որքան ավելի համառորեն հավաքական Արևմուտքը կթեժացնի իրադրությունը ռուս-ուկրաինական և բելառուսա-լեհ-լիտվական սահմանին։

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը միաժամանակյա պատերազմ չի վարի երկու ճակատում՝ Արևմտյան և Հարավկովկասյան։ Նրանց հաշվարկներով՝ թուրք-ադրբեջանական բլիցկրիգը թույլ կտա անեքսիայի ենթարկել ՀՀ Սյունիքի մարզը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե այն շրջանը, որը ներառում է Իրանի հետ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի 45 կիլոմետրանոց սահմանի հատվածը, ինչը թույլ կտա թուրք-ադրբեջանական բազեներին բացել այդքան բաղձալի Զանգեզուրի միջանցքը, որն ուղիղ կապով (ավտոճանապարհ և երկաթուղային ճանապարհ) կապում է Նախիջևանը և Իրանին սահմանակից Արցախի օկուպացված տարածքներն Ադրբեջանի հետ։ Թուրք և ադրբեջանցի ստրատեգների այս նենգ մտահղացումների իրականացմանը շատ ու շատ նպաստում են Հայաստանի ներքաղաքական իրադրությունը և ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի՝ հայոց պետականության գոյության մահացու սպառնալիքին անհամարժեք գործունեությունը։

Ելքը այս ծայրահեղ տագնապալի վիճակից ամենակարճ ժամկետում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համազգային հանրաքվեի նախաձեռնումն ու անցկացումն է։ Դրա այլընտրանքը պատերազմն է։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

 

 

 

«Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրաՍերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցովՀայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համարԼուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video)Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ«Հրապարակ». ՊՆ-ն 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվելՔՊ-ն Արեւուտ համայնքում իր թեկնածույին անցկացնելու համար դիմել է քրեական հեղինակությունների՞⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Հայ զինվոր. Վրեժ Կիրակոսյան & Հարություն Խաչատրյան (Պրեմիերա)«Հայաստան Արցախ Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությանը տարվա «ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՒՀԻ» անվանակարգին է արժանացել ճանաչված լրագրող Գայանե ԶարգարյանըԻնչպիսի տեսք ունի աշխարհահռչակ «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը Սիփան Փաշինյանը ժամանել է ՀայաստանԱդրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամՄերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Գոհար Գասպարյանը երեկ եւ այսօր Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է»ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. ԼավրովCOVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններըՀայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի.Նաիրի ՀոխիկյանԵթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ «էլեկտրիկ Երևան»–ը սրիկայություն էր.Էդգար Ղազարյան«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ)16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա ՄայիլյանըՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եքԲաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ՀաջիևՀայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համարԻնչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Yerevan.TodayՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ ՍրբազանԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՍկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.TodayՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՀենրիկ Հովհաննիսյանը երբե՛ք ժողովրդի կողքին չկանգնեց, սնվում էր նախկիններից, իսկ հիմա` ներկաներից. Լիանա Անթառանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ