Զիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Խետաֆեի» հետ գոլազուրկ ոչ ոքին:
«Մենք գլուխ կհանենք այս իրավիճակում: Չենք հուսահատվում և կպայքարենք մինչև մրցաշրջանի վերջը: Հուզական առումով մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Պետք է լավ հանգստանալ և շարժվել առաջ: Մեկ միավորն այն է, ինչ մենք ունենք: Պետք է շնորհավորել խաղացողներին: Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ է:
Մեր սաներն ունեն մեծ ապագա: Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են, որոնք վստահ են իրենց ուժերին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ ոչ ոքիից հետո «Ռեալը» 67 միավորով երկրորդ տեղում է և առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից» հետ է 3 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 65 միավոր, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել: