Երբ ՍԴ-ն ֆիքսեց, որ Քոչարյանը հանցանք չի գործել, սլաքները ԼՏՊ-ի ուղղությամբ են շրջվում
Վերլուծություն
ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումն ու այդ հոդվածով մեղադրվող 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման ու գործի վարույթը կարճման դատարանի վճիռը որքան էլ, որ մի շարք հարցերի պատասխանը տվեց, այդքան էլ նոր հարցադրումներ բերեց օրակարգ:
Նախ կարճ հիշեցում. ինչպես հայտնի է, սկսած 2008թ. մարտի 2-ից, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նրա քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի համար Մարտի 1-ը եղել է ամենատարբեր ներքին եւ արտաքին քաղաքական թեմաների առնչությամբ առցքային շահարկումների թեմա: Այն իր գագաթնակետին հասավ նիկոլյան «հեղափոխության» օրերին, ընդ որում, համեմված հստակ խոստումով` իշխանության գալով, ամբողջովին բացահայտել գործն ու մեղավորներին պատժել: Ավելին, իշխանության գալուց հետո Նիկոլը նույնիսկ պաշտոնապես հայտարարեց` Մարտի 1-ի գործով սպանությունների ֆոնը եւ գործն ամբողջությամբ բացահայտված է: Ընդ որում, 2018թ. հուլիսի 28-ից սկսած, երբ առաջին անգամ կալանքի տակ առան ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլի այդ ողջ հռետորաբանությունը մնում էր իրավական որոշակի տրամաբանության մեջ: Այսինքն, անկախ նրանից, որ հանրության մի մասը հավատում էր Քոչարյանին եւ մյուս երեք անձանց ներկայացված մեղադրանքին, մի մասը` ոչ, ուներինք այս իրավիճակը: Կար հանցանք` մարտի 1-ի զոհերը, վիրավորները եւ այլն: Կար նաեւ ՔՕ-ի կոնկրետ հոդվածով մեղադրանք, որը քննում էր դատարանը, եւ կային մեղադրյալները:
Բայց ահա այն պահից, երբ հնչեց նախ ՍԴ-ի, ապա` դատարանի որոշումները, թե` ներկայացված այդ կոնկրետ հոդվածն առ ոչինչ է, իրավիճակը իրավական ու նաեւ քաղաքական տեսանկյունից 180 աստիճանով շրջվեց: Այսինքն, հիմա ունենք այս վիճակը. կա հանցանք, սակայն չկա ինչպես կոնկրետ մեղադրական հոդվածը, այնպես էլ` մեղադրյալները: Դատախազությունը, ճիշտ է, խոստանում է արագորեն այդ «բացը» լրացնել` նույն մեղադրյալներին ներկայացնել այլ հոդվածով մեղադրանք: Սակայն չմոռանանք, որ սխալ է այն տպավորությունը, թե իրոք ունենք այնպիսի անգրագետ քննիչներ եւ դատախազներ, ինչպիսին տեսնում էինք այս քրգործից եւ այդ հիմքով ընթացող դատավարությունից: Այսինքն, քննիչներն էլ են միանգամայն գրագետ, դատախազներն էլ, պարզապես նրանք երկար փնտրելուց հետո հազիվ 300.1 հոդվածն էին կարողացել դնել մեղադրանքի հիմքում, անշուշտ` միաժամանակ հստակ գիտակցելով, որ այն իրավական տեսանկյունից աբսուրդ է: Ինչո՞ւ այդ հոդվածը. պարզապես այլ տարբերակ չունեին: Բայց ահա, հիմա նաեւ դրանից զրկվեցին, այսինքն` արդեն առհասարակ որեւէ տարբերակ չմնաց:
Հստակեցնենք. իրավապահ համակարգը, օգտվելով գործող իշխանությունների ոչ միայն լիակատար աջակցությունից, այլ նաեւ` պարտադրանքից, պարզապես չունի ՔՕ-ով սահմանված որեւէ մեղադրանք, որը կկարողանար ներկայացնել 2008թ. մարտի 1-ին գործող իշխանություններին: Իսկ դա հետեւյալ փաստն է ֆիքսում. անկախ անցած 14 տարիների հիմնականում քաղաքականացված մեղադրանքներից, աղմուկ-աղաղակից, 2008թ. մարտի 1-ին օրվա իշխանությունները քրեորեն պատժելի որեւէ արարք թույլ չեն տվել, այն է` գործել են օրենքի շրջանակներում: Ներկայացված տրամաբանությունն անհերքելի է, հաշվի առնելով նաեւ, որ, ըստ էության, դա է ֆիքսել հենց նիկոլյան վերահսկողության տակ գտնվող ՍԴ-ն եւ դատարանը:
Արդյունքում, ունենք այս իրավիճակը. կա հանցագործություն` մարտի 1-ի զոհերը, վիրավորվածները եւ այլն, այսինքն` պետք է լինի նաեւ հանցագործը` ՔՕ-ի կանկրետ հոդվածով մեղադրանքով հանդերձ: Մարտյան այդ հակամարտության, այսպես ասենք, կողմերից մեկը` օրվա իշխանությունն օրենք չի խախտել, քրեորեն պատժելի արարք թույլ չի տվել: Ու եթե անգամ մի կողմ թողնենք հարցը, թե ինչո՞ւ էին նրանց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական հոգեզավակ Նիկոլը 14 տարի շարունակ հանիրավի մեղադրանքներ ներկայացնում, մեկ է, դեռ մնում է ամենակարեւոր հարցը` չնայած Նիկոլի, իրավապահների հավաստիացումներին, թե գործը լիովին բացահայտված է, ինչո՞ւ այս պահին չունենք մեղադրյալ: Ու հենց այս հանգամանքն է, որ բերում է նաեւ 180 աստիճանով շուռ եկած քաղաքական իրավիճակի:
Այսպես, վերջին հարցադրումն ունի հաշված թվով հնարավոր պատասխան.
1. Գիտակցված կերպով կեղծ մեղադրանք են ներկայացրել անմեղներին` քաղաքական ինչ-ինչ դիվիդենտների շահելու (տարիներ շարունակ) ու միաժամանակ անցանկալի անձին «փակի տակ» պահելու համար:
2. Կա պարզ տրամաբանություն. եթե մասնակից կողմերից մեկը մեղավոր չէ, ուրեմն էապես մեծանում է այն բանի հավանականությունը, որ մեղավորը մյուս կողմն է: Նիկոլը մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է, ու մեղադրանքներն այլ ուղղությամբ ուղղելով, նա փորձում է իրեն (եւ մեղասկիցներին) զերծ պահել մեղադրանքներից (սրա հետ կարող է ձուլվել նաեւ առաջին տարբերակը):
3. Նախաքննությունն ու դատախազությունը պարզապես սխալվել է` մեղադրելով անմեղներին:
Կարծես թե այլ տարբերակ չկա:
Երրորդ վարկածը պետք է միանգամից բացառել` գոնե հետեւյալից ելնելով: Այսպես, հակասահմանադրական մեղադրանքի պատճառով ապօրինաբար 500 օր կալանքի տակ են պահել անձի, ինչը, ի դեպ, ՔՕ-ով սահմանված կոնկրետ մեղադրանք ունի: Քաղաքական առումով. ապօրինաբար կալանավորել են երկրի նախկին նախագահին, ինչ հսկայական հարված է երկրի հեղինակությանը: Ոչ պակաս ծանր հարված է երկրի համար, որ ապօրինի մեղադրանք է ներկայացվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին: Այսինքն, եթե այս ամենը եղել է սխալի արդյունքում, մեղավորները պետք է պետք է շտապեին հրաժարական ներկայացնել եւ սեփական ոտքով բանտ գնալ: Իսկ ահա Նիկոլը պետք է ՍԴ որոշման հնչելուն պես բացատրեր, թե, օրինակ, ինչո՞ւ էր խոսում գործի լիակատար բացահայտումից: Նաեւ, թե ո՞ւր մնաց իր խոստացած բացահայտումը: Երբ այս երկու գործոնն էլ չկա, ուրեմն քննության սխալից խոսելը դառնում է անիմաստ:
Մնում է առաջին եւ երկրորդ տարբերակը, որոնք, ի դեպ, փոխլրացնող են: Բայց նաեւ նկատենք, որ այդ երկու տարբերակների մեջ կա ՔՕ-ով հստակ որակում ունեցող մի շարք դրվագներ. դիտավորությամբ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց եւ քննությունը սխալ ուղղությամբ տանելուց սկսած, վերջացրած պետությանը եւ կոնկրետ անձանց պատճառած վնասներով: Եվ ամենաէականը. Մարտի 1-ին թափված արյունն այսպիսով մնում է չբացահայտված, ու միաժամանակ հիմնական մեղադրանքներն արդեն ուղղորդվում են երկրորդ` ԼՏՊ-ի եւ Նիկոլի ղեկավարած կողմին: Իսկ դա նշանակում է, որ հենց նիկոլյան ՍԴ-ի ու դատարանի կողմից արդարացված նախկին իշխանությունները հիմա կարող են Մարտի 1-ը բերել օրակարգ` պահանջելով բացահայտել եւ ցանկության դեպքում էլ` քաղաքական մեղադրանքներ հղել նիկոլյան թեւին: Այնպես, ինչպես 14 տարի վարվել է ԼՏՊ-ն եւ Նիկոլը:
Ի դեպ, մեկ կարեւոր հանգամանք աչքաթող չանենք: Մարտի 1-ի հետ կապված Նիկոլն արդեն հասցրել է դատվել ու պատիժը կրել, նրան երկրորդ անգամ քրեական մեղադրանք արդեն դժվար է ներկայացնել: Փոխարենը, ԼՏՊ-ն` այն ժամանակվա թիվ 1 ֆիգուրանտը որեւէ պատիժ չի կրել: Ու երբ ֆիքսվեց, որ Քոչարյանը հանցանք չի գործել, ապա բոլոր սլաքները հենց ԼՏՊ-ի ուղղությամբ են շրջվում. եւս մեկ գործոն, որը ներկայիս խառը քաղաքական օրերին երեւի կօգտագործվի: Ընդ որում, Նիկոլը եւս կարող է օգտագործել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ